Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի սաները, բացի ուսումնառությունից, նաեւ նախասիրություններ ունեն։ Ոմանք քաղաքացիական ակտիվիստներ են, ներգրավված են տարբեր կամավորական, սոցիալական եւ այլ ծրագրերում։
Հերթական զրույցը ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության ուսանողուհի, սպորտային միջոցառումների կազմակերպիչ, պարուհի Ջուլյա Բաղդասարյանի հետ է։
-Ջուլյա՛, ինչպե՞ս սպորտը մտավ քո կյանք։
-Հայրիկս՝ Համլետ Բաղդասարյանը, բազմամարտիկ է, ժամանակին կրկեսում թեթեւ ատլետ է եղել, իսկ տատիկս նրա առաջին մարզիչն էր։ Սպորտի հետ առնչվել եմ դեռ մանկուց։ Զբաղվել եմ սիրողական բասկետբոլով ու մասնակցել դպրոցական մրցումների, երեք տարի հաճախել եմ սպորտային պարերի։ Այդ ժամանակ հասկացա, որ սպորտն իմ տարերքն է, այն մարդու առողջության եւ տրամադրության ամենաուժեղ խթանն է, էներգիայի աղբյուրը։ Այժմ զբաղվում եմ սիրողական սամբոյով, առավոտյան միշտ վազում եմ, ֆիզիկական վարժություններ անում, հաճախում յոգայի։ Բացի ֆուտբոլից՝ հետաքրքրվում եմ բոլոր մարզաձեւերով։ 2023 թվականից տարբեր սպորտային միջոցառումներում որպես կամավոր եմ աշխատում։
-Մեզ՝ հանդիսատեսիս, միշտ հետաքրքիր է կուլիսային կյանքը։ Կհիշե՞ս որեւէ զավեշտալի դեպք քո աշխատանքում։
-Շատ-շատ են։ Օրինակ՝ Գյումրիում անցկացվող Համահայկական 8-րդ խաղերի ժամանակ ես ուղեկցում էի Ռուսաստանի պատվիրակությունը՝ ձեռքումս պահած Տյումեն քաղաքի պաստառը։ Մասնակիցների մի մասը միջոցառման կեսից առանձնացավ, եւ հաղորդավար Կարեն Գիլոյանը ստիպված եղավ մի քանի անգամ ներկայացնել ռուսական թիմին։ Իսկ այդ ընթացքում ես վազվզում էի ամբողջ տարածքով՝ պաստառը ձեռքիս, որ հասցնեմ մասնակիցների առջեւից քայլել։ Հաճախ ենք այս դեպքը վերհիշում ու ծիծաղում։
-Ջուլյա՛, ասացիր, որ սպորտը քո կյանքում պարտադիր զբաղմունք է։ Փորձառու մարզիկ հայրիկիցդ ի՞նչ ես սովորել։
-Երբեք չհանձնվել։ Եթե ինչ-որ բան չես կարողանում անել, այնքան փորձի՛ր, մինչեւ ինքդ քեզ գերազանցես։ Հայրս այժմ մոտ 50 տարեկան է, այնպիսի վարժություններ է անում, որ նայելով նրան՝ երանի եմ տալիս, որ մի օր ինքս իմ երեխաներին կարողանամ սպորտի հարցերով խորհուրդ տալ։ Եթե աղջիկ ունենամ, հաստատ թեթեւ ատլետ է լինելու։
-Ջուլյա՛, ընտրել ես պատասխատանու ու վտանգավոր աշխատանք՝ անվտանգության ապահովման ոլորտը։ Քո խիստ համազգեստից դուրս՝ բավականին նորաոճ ու կանացի տեսք ունես։ Ինչպե՞ս ես կարողանում այդ հավասարակշռությունը պահել։
-Հաճախ եմ լսում այսպիսի արտահայտություններ՝ «Համազգեստի միջից դուրս արի՛, քեզ կանացի պահի՛ր», «Փոքր-մոքր ես, այդ համազգեստը քեզ չի սազում» կամ «Ինչ փոքրամարմին ես, քեզ ո՞նց ես պաշտպանելու»։ Սա սովորաբար մարդիկ ասում են՝ առանց քեզ ճանաչելու։ Նույն տրամաբանությամբ՝ առանց ինձ ճանաչելու ենթադրում են, որ եթե թիկունքս ձիգ, զինվորականի պես եմ ինձ պահում, չեմ կարող կանացի լինել։ Բոլոր երիտասարդ աղջիկների պես ես էլ սիրում եմ ֆոտոշութեր, զարդեր, նորաոճ հագուստ։ Միշտ հետեւում եմ թրենդներին, բայց նաեւ փորձում եմ չկորցնել իմ «Ես»-ը։
Ամբողջությամբ՝ այստեղ։