ԳլխավորԼուրԿրթություն

Ի՞նչ անեն այն ուսանողները, ովքեր չեն կարողանում վարկ ստանալ. հարց՝ պարետին (տեսանյութ)

Ի՞նչ անեն այն ուսանողները, հատկապես նրանք, ովքեր ավարտում են, բայց իրենց կամ իրենց ծնողների վարկային վատ պատմության պատճառով չեն կարողանում վարկ ստանալ եւ հետեւաբար՝ ուսման վարձերը վճարել. փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին Ազգային ժողովի հատուկ նիստում դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Տիգրան Ավինյանն իր պատասխանում նշեց, որ եթե կա խնդիր, եւ կա դրա հետ որոշակի առաջարկ, միշտ պատրաստ են քննարկել այդ խնդիրների լուծումը, եւ եթե, օրինակ, «այն միջոցներն ու միջոցառումները, որ մինչ օրս կազմակերպվել են, ոչ ամբողջ ծավալով կամ ոչ այնքան էֆեկտիվ են լուծում առկա խնդիրները, կարծում եմ՝ սա շարունակական պրոցես է եւ եթե կա առաջարկ, կխնդրեմ փոխանցեք»։

Արձագանքելով՝ Գայանե Աբրահամյանը նշեց, որ ուսանողների հետ կապված «երեւի պետք է քննարկենք մեր տնտեսագետ ընկերների հետ՝ որեւէ լուծում գտնելու համար, կամ գուցե պետությունը պետք է տրամադրի բանկերին շատ ավելի մեծ երաշխավորությամբ հնարավորություններ՝ ոչ բարեխիղճ վարկառուներին վարկ տրամադրելու ռիսկը վերցնելով, որպեսզի ուսանողներն այս դժվար փուլում չկորցնեն իրենց հատկապես ավարտելու, բայց նաեւ սովորելու հնարավորությունը»։

«Պարոն Հարությունյանի (ԿԳՄՍ նախարար-խմբ.) հետ կքննարկենք խնդիրները եւ կփորձենք համապատասխան լուծումներ գտնել»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Comment here