ԳլխավորԼուր

Հանրային բաց վայրերում դրվելու է ոչ թե դիմակների կրման, այլ առկայության պահանջ

Հայաստանում հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների ոչ թե կրման, այլ առկայության: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ԱԺ հատուկ նիստում պատասխանելով  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին:

«Արդեն իսկ հնչած տարբեր կարծիքներից, կարծում եմ, որ խնդիրը այլ ձևակերպում ստացավ: Եվ փաստացի, ոնց որ թե այլ լուծման ենք գնում: Այսինքն, ոչ թե հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների կրման, այլ առկայության»,-ասաց Ավինյանը:

Պարետը նկատեց՝ պահանջը մայիսի 18-ից դնելու պատգամավորի առաջարկը խելամիտ է, և հենց այդպես էլ կարվի:

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ խոսքը ոչ միայն եռաշերտ դիմակների մասին է, որոնք պետք է գնել դեղատնից: Դրանք կարող են լինել ինքնաշեն դիմակներ, որոնք պատրաստված են քաղաքացիների կողմից, նույնիսկ բազմակի օգտագործման են»,- ասաց Ավինյանը՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հարցի:

Ավինյանը նշեց, որ հնարավոր է նաև քննարկել որոշ սոցիալական խմբերի դիմակների տրամադրման հարցը:

 

Comment here