ԳլխավորԼուր

Յուրաքանչյուր մարդ ունի մաքուր օդ շնչելու իրավունք. մի խումբ փաստաբաններ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է փողոցում դիմակ կրելու պահանջին: Նա, մասնավորապես գրել է.

«Մի խումբ փաստաբաններիս կողմից ՀՀ կառավարությանը հանրագիր է ներկայացվել առաջարկելով՝

— Պարետի կողմից հանրային բաց տարածքներում միայնակ մարդու կողմից դիմակ կրելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցում ընտանիքի անդամների կողմից դիմակ կրելու սահմանափակումները վերացնել:

Մեջբերում տեքստից՝

Տվյալ դեպքում, մարդու շնչելու իրավունքը սահմանափակվել է, որպեսզի դրանով մարդը չվարակի այլ մարդու, կամ չվարակվի այլ մարդուց:

Այս միջամտության տրամաբանությունը չի երևում, երբ պարետը դիմակ կրելու պահանջ է դնում բացօթյա տարածքում միայնակ զբոսնող մարդու առջև: Ստացվում է, որ մարդը չի կարող վարակել մեկ այլ մարդու կամ վարակվել նրանից, սակայն պարտավոր է դիմակով շնչել:

Տրանսպորտային միջոցում գտնվող ընտանիքի անդամներին դիմակ կրելը պարտադրելը նույնպես չի դիմանում քննադատության, քանի որ ընտանիքի անդամներն իրենց բնակարանում կարող են առանց դիմակ միմյանց հետ շփվել:

Միայն այն ենթադրյալ փաստարկը, որ այդ կերպ պետությունը կարող է առավել արդյունավետ վերահսկել ընտանիքի անդամներ չհանդիսացող անձանց տեղափոխությունը տրանսպորտային միջոցով, չի դիմանում քննադատությանը: Ստացվում է, որ պետությունն իր վերահսկողություն կատարելը հեշտացնելու համար մարդուն զրկում է շնչելու իրավունքից, ինչն ուղղակիորեն չի համապատասխանում միջամտության թեստին»:

Comment here