ԳլխավորԼուրԿրթություն

Բուհերի ռեկտորներին հորդորեք՝ չահաբեկեն ուսանողներին. Աննա Կոստանյանը՝ նախարարին

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան շրջաբերականով՝ բուհերի ռեկտորներին նախապես առաջարկված է եղել արտակարգ դրության ժամանաահատվածում զերծ մնալ ուսանողների ուսման վարձը չվճարելու պատճառով բուհից հեռացնելուց եւ խնդիր ունեցող ուսանողների համար կազմել վճարման անհատական ժամանակացույց։

Այս մասին Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը։

«Սակայն ես գրեթե ամեն օր նամակներ եմ ստանում տարբեր բուհերի (ԵՊՀ, ՀՊՏՀ, ԵՖՍՊՀ) ուսանողներից, որտեղ ուսանողներն ահազանգում են, որ դեկանատներից, ռեկտորատներից անընդհատ նախազգուշացնում են առաջիկա քննություններին իրենց մասնակցությունից զրկելու մասին, եւ արդեն տվյալներ կան, որ մի քանի ուսանողների իսկապես թույլ չեն տվել մասնակցել քննության»։

Պատգամավորը խնդրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջամտի հարցի կարգավորմանը։

Չնայած հարցը վարչապետին էր ուղղված՝ պատասխանեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Նա հիշեցրեց կառավարության խոստումը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող դուրս չի մնալու ուսման վարձերի պատճառով, որի համար էլ կառավարությունը ընդունել է ուսանողների աջակցության 14-րդ ծրագիրը։ Հիշեցնենք, որ ծրագրով վարձերի 70-100 տոկոս զեղչ է նախատեսվում բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների համար, իսկ մյուս ուսանողներին առաջարկվում է վարկ՝ տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով (9 տոկոսի փոխարեն)։

Նախարարն ասաց, որ այսօրվա դրությամբ ինքը որեւէ տվյալ չունի, որ որեւէ ուսանող դուրս է մնացել բուհից՝ վարձի պատճառով։

Մի քանի բուհերից ստացված տվյալների համաձայն՝ վարձերի պարտքերը կազմում են 10-11 տոկոս, որն ըստ նախարարի, լավ արդյունք է։

Արձագանքելով՝ Աննա Կոստանյանը նկատեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է, որը նշանակում է, որ անկախ առաջադիմությունից, այն ուսանողները, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ, դժվարանալու են վարձավճարները վճարել, եւ սա նշանակում է, որ հնարավոր է զանգվածաբար դուրս մնան։

Նա նախարարին առաջարկեց հորդորել բուհերի ռեկտորներին կամ դեկաններին՝ չահաբեկեն ուսանողներին, թե վարձը չվճարելու դեպքում չեն մասնակցի քննությունների։

Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ոչ ավարտական կուրսերի ուսանողների համար ռեկտորների հետ պայմանավորվածություն կա, որ նրանց համար անհատական ժամնակացույց կկազմվի, իսկ ավարտական կուրսերի ուսանողները կարող են մասնակցել քննությունների, բայց եթե չեն վճարել՝ մեկ քննության հանձնումը կհետաձգվի մինչեւ սեպտեմբեր՝ այդ ընթացքում վարձը վճարելու պայմանով։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Comment here