Հայաստանի կառավարությունն իր այսօրվա դեկտեմբերի 10-ի նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: Հարցը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ այս նախագծով նշված անձանց համար առաջին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվում է:
Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների ուսման վարձը.
• որոնք մասնակցել են մարտական գործողություններին,
• ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին,
• ում ամուսինը մասնակցել է մարտական գործողություններին։
Շահառուները կստանան 2020-21թթ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։ Եթե շահառու ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ արդեն վճարել է վարձը, ապա դա կհամարվի երկրորդ կիսամյակի վարձի վճարում, իսկ ուսումնառությունն ավարտելու դեպքում՝ վճարված գումարն ուսանողը հետ կստանա։
Շահառուն փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝
— դիմում
— մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում
— անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։
Միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։