ԳլխավորԼուր

«Հայերի կյանքն արժեք ունի». Թինա Կարոլը նկար է հրապարակել  

Ուկրաինացի հայտնի երգչուհի Թինա Կարոլը  ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում աջակցել է Հայաստանին՝ հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացման օրերի հետ կապված՝ ինստագրամյան իր էջում կիսվելով սիմվոլիկ լուսանկարով ու «Հայերի կյանքն արժեք ունի» մակագրությամբ։

Տեղեկացնենք, որ ավելի վաղ իր համերգը Բաքվում չեղարկել էր ուկրաինացի երգիչ  Մաքս Բարսկիխը։

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն էլ «Ինստագրամ»-ի իր էջում աջակցությունն է հայտնել Հայաստանին:

«Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին»,- մասնավորապես գրել է նա:

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ կապված՝ Հայաստանին աջակցելու մեդիաարշավ է սկսել ռուսաստանաբնակ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը՝ հրապարակելով հոլովակ, որտեղ ներգրավված են մի շարք հայտնի գործիչներ:

«Հայաստան, մենք քեզ հետ ենք: Ես սիրում եմ քեզ, հայրենի՛ք: Մենք չենք վախենում, չենք թաքնվում, մենք միշտ քո կողքին ենք, անկախ նրանից՝ որտեղ ենք մենք բնակվում և ինչ հանգամանքներ են մեզ բաժանել: Շնորհակալ եմ ընկերներիս, ովքեր միացան այս մեդիարշավին»,- գրել է Սարիկ Անդրեասյանը:

Հոլովակում նկարահանվել են արտերկրում բնակվող Գոհար Ավետիսյանը, Սևակ Խանաղյանը, Եվգենի Պետրոսյանը, Կարեն Ավանեսյանը, Արծվիկ Հարությունյանը, Սոֆիա Բրոյանը, Սահակ Մկրտչյանը, Ռոմա Կոգրամանովը և այլք:

Ռուս դերասանուհի և հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան ավելի ուշ միացել է Սարիկ Անդրեասյանի ֆլեշմոբին:

«Հայրենիք իմ: Սիրելի հայ ընկերներ: Որտեղ էլ լինեք, միացե՛ք ֆլեշմոբին: Թող մեր ձայնը լսելի լինի ամեն տեղ: Հայաստան, մենք քեզ հետ ենք»,- գրել է Սաթի Սպիվակովան: