Ավելի լուրջԳլխավորԽոսքՀայաստանս

«Ահա եւ վերջը» ընդամենը սկիզբ է

Ի՞նչ անել, եթե ուսանողաչափ երիտասարդ ես, մեծացել ես քիչ թե շատ հայրենիքասեր ու հայասեր արժեհամակարգ կրողների մեջ, ազդվել ես «հայ, ազգ, Հայաստան, Արցախ, ազատամարտ, ընտանիք, հայրենիք, սեր, բարություն, պատիվ» բառերից, ու դրանք քեզ համար լոկ բառեր չեն, եթե ներսումդ մի բան է մեռել ամեն զոհված զինվորի հետ ու եթե մեջդ սառը դատարկություն կամ անելանելիություն է առաջացել նոյեմբերի 10-ին, իսկ հունիսքսանյան ընտրություններից հետո տեղդ չես գտնում՝ մեկդ՝ հուսախաբությունից, մեկդ՝ զարմանքից, մեկդ էլ՝ «բայց ո՞նց»-ի ծանրությունից։

Ի՞նչ անել, երբ վաղուց ուսանող ու երիտասարդ չես, ունես քիչ թե շատ կայացած արժեհամակարգ, որ եթե նույնիսկ ձեւակերպված չէ ինքդ քեզ համար, ամեն դեպքում ներսումդ փորագրել է «հայ, ազգ, Հայաստան, Արցախ, ազատամարտ, ընտանիք, հայրենիք, սեր, բարություն, պատիվ» բառերը, ու դրանք քեզ համար լոկ բառեր չեն, այլ ապրած տարիներ ու պայքար, կյանքի ու ընթացքի իմաստ, նպատակ ու միջոց, զենք ու պաշտպանիչ ամրոց, իսկ հունիսքսանյան ընտրություններից հետո չարացած ես կամ նեղսրտած, չհասկացող կամ չհասկացված, բռնկուն կամ շոկի մեջ ընկած անտարբեր, ու տեղդ չես գտնում՝ անպատասխան հարցերի մեծաթվությունից ու ծանրությունից։

Ի՞նչ անել, երբ ավելի ես, քան միջահասակը, սակայն քո տարիքի բարձրությունից սարսափած տեսնում ես, թե ինչ է կատարվել ու կատարվում շուրջդ ու երկրիդ հետ, երբ ամբողջ գիտակից կյանքդ համոզված ես եղել, որ «հայ, ազգ, Հայաստան, Արցախ, ազատամարտ, ընտանիք, հայրենիք, սեր, բարություն, պատիվ» բառերը ավելին են, քան բառերը, ոտքերիդ վրա պինդ կանգնելու պատճառ են ու հնարավորություն, իսկ այժմ մշտական թշնամին երկրիդ սահմաններն է ծռմռում, ներսից էլ հայհոյախոսությունը, կեղծիքը, կենցաղային ու պետական սուտը, կռապաշտությունը, անսխալականության ու միակճշմարիտության լկտի հաղթարարշավը շարունակում է ավերներ գործել, երբ հունիսքսանյան ընտրություններին կամ չես մասնակցել, որովհետեւ ըստ քեզ՝ չկար մեկը, ում ընտրեիր, կամ ընտրել ես «սա պակաս վատն է, քան մյուսը» սկզբունքով, ու հիմա կոտրված ժպտում ես՝ հասկանալով, որ պետությունդ շարունակում է չմփչմփացնել «հեղափոխական» տղմաճահճի մեջ ու ամեն չլմփոցից ավելի է սուզվում՝ ձեռքից համառորեն չթողնելով խոսափողը, որտեղից դեռ կեղծ ու տկարամիտ-շուռտված սիրո խոստովանություններ են լսվում։

Ինչ անել, եթե… Առաջին հերթին՝ չհուսահատվել, եթե նույնիսկ քեզ թվա, թե անիմաստ էր անցածդ ու իզուր է անցնելիքդ։ Գտիր կամ մի վանիր քեզ նմաններին, ում համար «հայ, Հայաստան, Արցախ, ազատամարտ, ընտանիք, հայրենիք, սեր, բարություն, պատիվ» բառերը լոկ բառեր չեն, սովորիր ու սովորեցրու նրանց, ովքեր դեմ չեն լսել-հասկանալ կամ մտածելուն, մի վարժվիր հայհոյանքին, ստին ու պոռոտախոսությանը, ու անկախ ամեն ինչից՝ պինդ բռնվիր ու պահիր ընտանիքդ, ընկերոջդ, բարեկամիդ, գաղափարակցիդ, լեզուդ ու պատիվդ։ Որովհետեւ գալու է ժամանակը, ու դու ես մոտեցնելու այն ժամանակը, երբ հպարտորեն նայելու ես աշխարհին՝ ինքնավստահ, բայց ոչ մեծամտորեն արձանագրելով,  որ դու էլ, երկիրդ էլ մարդկության ու աշխարհի  մի արժանապատիվ ու հզոր մասն եք։

Դե իսկ Մեսչյանի հրաշալի «Ահա եւ վերջը» լսելիս ոչ թե տրտմեք ու հոգոցախառն հայացքով ընկղմվեք հիշողությունների գիրկը, այլ ժպտացեք ու նայեք առաջ. ով-ով, բայց դուք հո գիտեք, որ ցանկացած վերջ թվացյալ է ու մեկնարկ է նոր սկզբի…

ԱՐԾՐՈւՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here