ԳլխավորԼուր

Հայաստանում գործում է 661 գրադարան. ՀԱԳ

Հանրապետությունում գործում է 661 հանրային բնույթի գրադարան, նշված է Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում։

Այս մասին է փաստում 2020 թվականին հանրային բնույթի գրադարանների հաշվետվությունների վիճակագրական վերլուծությունը։

Գործող 661 գրադարանից 10-ը մարզային են, 115-ը՝ քաղաքային, 514-ը՝ գյուղական, 22-ը՝ մանկական։

Հայաստանի ազգային գրադարանի www.nla.am պաշտոնական կայքի «ՀԱԳ հրատարակություններ» բաժնում արդեն հասանելի է «Հայաստանի գրադարանները 2020 թվականին» վիճակագրական վերլուծությունը։

Վերլուծության մեջ ներկայացված է Հայաստանի ազգային գրադարան, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան/Fundamental Scientific Library of NAS RA, Գիտական և գիտատեխնիկական գրադարանների և ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարանի գործունեության տարեկան ամփոփ վերլուծությունը:

Շարունակելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գրադարանների աշխատանքները հանգամանալից և ամբողջական ներկայացնելու գործընթացը՝ վիճակագրության մեջ ներկայացվում է նաև Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի վարչական շրջանների (համայնքների) 23 գրադարանների աշխատանքների վերլուծությունը:

Առանձնացվել են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բուհական գրադարանների վերաբերյալ տվյալները՝ բուհերի տրամադրած տարեկան հաշվետվություններին համապատասխան: Կից ներկայացվում են նաև բուհերի կոնտակտային տվյալները և կայքէջերը:

Առանձին ներկայացված է Արցախի Հանրապետության տարածքում գործող գրադարանների աշխատանքների վերլուծությունը:

Գրքի վերջում առանձին սյունակով կարող եք տեսնել նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող 10 մարզային գրադարանների կոնտակտային տվյալները: