ԳլխավորԼուր

Արցախը Հայաստանին կապող մայրուղին երկկողմանի փակ է. ԱՀ ՆԳՆ

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

«Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական կոնվենցիաներով նախատեսված նորմերը, հերթական անգամ ոտնահարում է արցախահայության հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Այս պահին Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, որը փակ է առավոտյան ժամը 10։30-ից` բնապահպանական պատճառաբանություններով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։