ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները ոչնչացրել են մարշալ Խանփերյանցի կիսանդրին Մեծ Թաղեր գյուղում

Ադրբեջանցի բարբարոսները շարունակում են մշակութային վանդալիզմը Արցախի օկուպացված տարածքներում՝ ավերելով ոչ միայն հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ կռված հայ մարշալների արձանները: Մասնավորապես, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծննդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է war.karabakhrecords.info հարթակը, որը պատմում է Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին:

Կայքը նշում է, որ մարշալ Խանփերյանցի արձանը պղծելու փաստը հայտնի է դարձել 2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից:

«Նախքան պատերազմը արված արբանյակային լուսանկարներում երևում է և՛ մարշալի կիսանդրին, և՛ տուն-թանգարանի տարածքում գտնվող «ՄիԳ-17» կործանիչը: Սակայն արդեն պատերազմից ամիսներ անց արված լուսանկարներում նույն տարածքում բացակայում է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, իսկ նրա «ՄԻԳ-17» կործանիչը մասամբ ջարդված է, կողքի դեն նետված», – նշում է կայքը:

Ավելի վաղ, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնպես հայտնել էր, որ Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) հուշարձանը, իսկ Ազոխ գյուղում՝ խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի՝ գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի և ծովակալ Հովհաննես Իսակովի արձանները:

Comment here