Մեկնարկել է Երևանի պետական համալսարանի և Փարիզի «SciencesPo» համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային համատեքստում» ձմեռային դպրոցը, որին մասնակցում են համալսարանի 20 ուսանողներ:
Ձմեռային դպրոցի նպատակն է ուսանողներին համապարփակ ներկայացնել Հայաստանը և տարածաշրջանը պատմական, մշակութային, քաղաքական, սոցիալական, տնտեսական և անվտանգային հիմնախնդիրների համատեքստում: Դպրոցն առանձնակի կարևոր է համաշխարհային քաղաքականությամբ, միջազգային հարաբերություններով և առհասարակ քաղաքական ուսումնասիրություններով հետաքրքրվողների համար:
ԵՊՀ զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը Ysu.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ-ն «SciencesPo» համալսարանի հետ համագործակցում է առաջին անգամ, և ձմեռային դպրոցը դիտարկվում է որպես երկարաժամկետ համագործակցության առաջին քայլ: Իր խոսքում Մ. Հովհաննիսյանը նշեց, որ հետագա համատեղ գործողությունները կարող են ներառել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրեր, հետազոտական նախագծեր, ամառային և ձմեռային դպրոցներ։ ԵՊՀ պրոռեկտորի խոսքով՝ դպրոցը կարող է որպես մոդել օգտագործվել նաև տարածաշրջանային քաղաքականությամբ հետաքրքրված գործընկեր այլ բուհերի հետ համագործակցության շրջանակում։
Անդրադառնալով ձմեռային դպրոցի ընձեռած այլ հնարավորություններին՝ պրոռեկտորը փաստեց, որ դրա շրջանակում ներկայացվելու են մշակութաբանական ու քաղաքագիտական այն տեսությունները, որոնք մշակվում են Երևանի պետական համալսարանում:
«ԵՊՀ քաղաքակրթական մշակութային հետազոտությունների կենտրոնը մշակել է մի տեսություն, որը կոչվում է «Երեք ծովերի համակարգ»։ Այն ներկայացնում է Միջերկրական, Սև և Կասպից ծովերի տարածաշրջանը: Տարածաշրջանի շատ գործընթացներ վերլուծվում են՝ հաշվի առնելով, որ դրանք հիմնականում պայմանավորված են այնտեղ առկա գործակցային և մրցակցային գործոններով, որոնք ազդում են ամբողջ աշխարհի վրա»,- մատնանշեց Մ. Հովհաննիսյանը:
«SciencesPo» համալսարանի ավագ գիտաշխատող Քեթի Ռուսելենտը փաստեց, որ ԵՊՀ իր գործընկերների հետ ունեցած համագործակցային կապը նպաստել է, որ ձմեռային դպրոցն անցկացվի Հայաստանում՝ ԵՊՀ-ում: Նրա խոսքով՝ առանձնակի կարևոր է տարածաշրջանի վերաբերյալ համակողմանի գիտելիքներ ձեռք բերելը հենց տվյալ տարածաշրջանում:
Նշենք, որ դպրոցի շրջանակում դասախոսություններ կկարդան ինչպես ԵՊՀ, այնպես էլ գործընկեր բուհերի դասախոսներ, կկազմակերպվեն հանդիպումներ գործադիր և օրենսդիր իշխանությունների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների հետ, կկատարվեն ճանաչողական այցեր Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: