Սահակ Մանուկյանը հեռացվել է համալսարանից ոչ պատշաճ վարքագծի պատճառով, aravot.am-ին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։
«ԵՊՀ-ն անընդունելի է համարում էթիկայի կանոնների խախտումները, իսկ նախկին դասախոսը դրանք խախտել է բազմիցս։ Ուսանողներից և նրանց ծնողներից ստացվել են բազմաթիվ բողոքներ, այդ թվում՝ փաստական ապացույցներ, որոնք էլ հիմք են հանդիսացել որոշման համար»,-նշել է մամուլի խոսնակը։
Հոկտեմբերի 27-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, գիտությունների թեկնածու Սահակ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այլևս դաս չի տալու համալսարանում։
«Պարզվում է, որ դասախոսության ժամանակ իմ բերած օրինակը վիրավորել է իշխող կուսակցության մի երեսփոխանուհու «արժանապատվությունը», որից հետո ԵՊՀ ռեկտորը որոշել է ինձ ազատել աշխատանքից»,-գրել էր նա։
Արդեն այսօր նա տեղեկություն հրապարակեց, որ իրեն ազատել են աշխատանքից այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դուստրը թաքուն նկարել է իրեն ու այն փոխանցել ԵՊՀ ռեկտորին։
Փաստաբան, ԵՊՀ դասախոս Ռուբեն Մելիքյանն էլ անդրադառնալով Մանուկյանի հեռացմանը, ֆեյսբուքյան էջում գրել է.
«Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին։
Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որևէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը։ Հուսով եմ՝ հանրային դիրք ու լսարան ունեցող համալսարանականներն ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ չեն մնա խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելուց՝ ապահովելով «լսարանային էթիկայի» վերաբերյալ բաց հանրային քննարկումը»,-գրել է նա։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



