ԳլխավորԼուր

Ադրբեջանցիները սպանել են գերեվարված Դավիթ Գիշյանին

Ադրբեջանի հարձակումից ժամեր անց ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են թշնամու զինվորներն առաջին օգնություն ցույց տալիս ուսի շրջանում վիրավոր հայ զինծառայողին։ Զինծառայողը ժամկետային, 2002թ․-ին ծնված Դավիթ Գիշյան էր։ Նա հայտնվել էր գերության մեջ, գրում է Panorama.am-ը։

Զինծառայողի հորեղբայր Խաչատուր Գիշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ տեսանյութը դիտելուց հետո անմիջապես դիմել են պետական բոլոր կառույցներին. «Դիմել ենք Կարմիր խաչին, որտեղ էլ գրանցել են նրա տվյալները։ Իրենք արդեն կկատարեն մնացած աշխատանքները։ Պետական կառույցների ներկայացուցիչներն էլ նշել են, որ արդեն իսկ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»։

Ցավոք… Գերեվարված Դավիթ Գիշյանին թշնամին սպանել է, նրա մարմինը փոխանցել Հայաստանին։

«Տղայիս հոգեհանգիստը տեղի կունենա այսօր ժամը 18:00»,- գրել է Դավիթի հայրը՝ Բարսեղ Գիշյանը։

Ժաննա Հայրապետյանը գրել է.

«Թելադրության ժամանակ դյուցազուն բառը շփոթվել թ-ով էիր գրել: Պայմանավորվեցինք, որ այսուհետև քեզ Դավիթ-Դյուցազուն կասեմ, ու դու երբեք էլ չես մոռանա այդ բառի գրությունը: Հենց էդպիսին էլ կաս, ոչ մի չափազանցություն: Դավիթ-Դյուցազունս` ազնվական տեսքով, պահվածքով ու տեսակով…

Մի օր էլ ասացի, որ  Ակսել Բակունցին ես նման, գուցե դրանից է նաև, որ քեզ մի ուրիշ, շատ ուրիշ,  յուրահատուկ սիրով եմ սիրում:

Երբեք չեմ հաշտվելու չլինելուդ հետ: Երբեք ու երբեք: Դավիթ Գիշյանս…»։

Հավելենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ։

Նա նշել է, որ նամակ են ուղարկել Եվրոպական. «Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, դիմել ենք նաեւ 3-րդ հոդվածով, որը պաշտպանում է անձին խոշտանգումներից ու նվաստացուցիչ վերաբերմունքից։ Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ կիրառվի հրատապ միջոց»։

Հասմիկ Սամվելյանը ասել է, որ պատրաստվում են դիմել նաեւ Հաագայի դատարան։

Հիշեցնենք` սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործվել են նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմը սեպտեմբերի 16-ի դրությամբ ունի 135 զոհ։

Սեպտեմբերի 14-ի երեկոյան հրադադար է հաստատվել։

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 32 զինծառայողի դի, որոնք զոհվել են Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման հետևանքով։