ԳլխավորԼուր

ՀՀ բուհերում սովորող արցախցի ուսանողների կրթությունը հեռավար է կազմակերպվել. ԿԳՄՍ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանյան բուհերում սովորող  արցախցի ուսանողների կրթությունն այս ընթացքում կազմակերպվել է հեռավար եղանակով։ Կառավարության նիտսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հեռավար կրթության կազմակերպումը վերաբերում է այն ուսանողներին, որոնք, օրինակ, հանգստյան օրերին Արցախ` տուն էին մեկնել ու Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով չէին կարողացել Հայաստան վերադառնալ։

«Նույնկերպ ապահովել ենք նաև ընդունելության միասնական քննությունների կազմակերպումը, նաև ներբուհական քննությունները` արվեստի, սպորտի, այլ ոլորտներում, այս գործընթացն էլ ենք ապահովել Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերների հետ։ Ինչ վերաբերում է ուսումնառությանը, իհարկե, ես ինքս այս հարցը շարունակաբար բարձրացնում եմ, որ պետք է ապահովվի ուսանողների կրթության իրավունքը»,– նշեց Անդրեսյանը։

Նա հավելեց, որ նաև նամակներով է դիմել համապատասխան կառույցներին։ Նա հույս հայտնեց, որ սեպտեմբերին իրավիճակն այլ կլինի, և հայաստանյան բուհեր ընդունված արցախցի ուսանողները կկարողանան գալ։ Հակառակ դեպքում, կրկին կփորձեն ուսանողների կրթությունը կազմակերպել հեռավար եղանակով։