ԳլխավորԼուր

Անդրեասյանն ու Սվաջյանը նախորդ տարի ավտոմեքենա են գնել, Խզմալյանն ու Գիլոյանը` բնակարան. ի՞նչ ունեցվածք նրանք ունեն

Ժաննա Անդրեասյան, Արա Խզմալյան, Կարեն Գիլոյան, Արաքսիա Սվաջյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, որն իր պաշտոնը զբաղեցնում է 2022-ի դեկտեմբերի 13-ից, նախորդ տարի ստացել է 18 միլիոն 290 հազար դրամ եկամուտ: Հայտարարագիրը ներկայացվել է այս տարվա մայիսի 31-ին:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացված 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ նախարարը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բազմաբնակարան բնակելի շենքում ունի բնակարան, որը գնել է 2011-ի ապրիլին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Նախորդ տարի՝ նախարարի պաշտոնը ստանձնելուց 1 շաբաթ հետո, Ժաննա Անդրեասյանը «Կոնվերս բանկ»-ից ստացած7 միլիոն 168 հազար դրամ փոխառության միջոցով (14% տոկոսադրույքով) գնել է նույն արժողությամբ 2022-ին թողարկված HONDA մակնիշի ավտոմեքենա:

Իսկ ահա ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Արա Խզմալյանը, որն իր պաշտոնը ստանձնել է 2019-ի հունիսի 4-ին, տարվա մայիսի 30-ին հայարարագրել է 2 բնակարան Աջափնյակ վարչական շրջանում`բազմանբակարան բնակելի  շենքում. 2-ն էլ գնել է 2016-ին: Իսկ արդեն նախորդ տարվա մայիսին փոխնախարարը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան բնակելի շենքում ձեռք է բերել բնակարան 25 միլիոն 852 հազար դրամով: 2022-ի սկզբին Խզմալյանն ունեցել է NISSAN (2010-ին թողարկված), որը գնել է 2017-ին,  և  KIA (2013-ին թողարկված), որը գնել է 2013-ին, մակնիշի ավտոմեքենաներ: Այնուհետև նախորդ տարվա հոկտեմբերին Խզմալյանը 1 միլիոն դրամով վաճառել է  NISSAN մակնիշի մեքենան:

Արա Խզմալյան
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան

Արա Խզմալյանի` նախորդ տարվա եկամուտը կազմել է 20 միլիոն 464 հազար դրամ, որը գոյացել է ԿԳՄՍ նախարարության աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումների միջոցով: 2022-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` հիպոտեկային վարկի (հիպոտեկի առարկան` բնակարան) մայր գումարի մնացորդը կազմել  է 12 միլիոն 708 հազար դրամ:

Փոխնախարարի բանկային հաշվին տարեսկզբին եղել է  1 միլիոն 493 հազար դրամ (ավանդները չեն հաշվվել), տարեվերջին` 2 միլիոն 141 հազար դրամ: Ինչ վերաբերում է կանխիկով ունեցվածքին, տարեսկզբին և տարեվերջին Խզմալյանը հայարարագրել է 11 միլիոն դրամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն իր պաշտոնը ստանձնել է 2020-ի դեկտեմբերի 29-ին, իր հայտարարագրում, որը ներկայացրել է այս տարվա ապրիլի 25-ին, նշել է, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ բազմաբնակարան բնակելի շենքում, ունի բնակարան, որը գնել է 2011-ի դեկտեմբերին: Նախորդ տարվա սեպտեմբերին Գիլոյանը Կենտրոն վարչական շրջանում գնել է բնակարան 31 միլիոն 600 հազար դրամով: Փոխնախարարը ներկայացրել է, որ բանկային հաշվի մնացորդին տարեսկզբին և տարեվերջին  ունեցել է 1 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է կանխիկ դրամին, տարեսկզբին ունեցել է 10 միլիոն դրամ, տարեվերջին`13 միլիոն դրամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը

Կարեն Գիլոյանի տարեկան եկամուտը 2022-ին կազմել է 17 միլիոն 651 հազար դրամ, որը գոյացել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից, Երևանի պետական համալսարանից, ԿԳՄՍ նախարարությունից և Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիուտից  ստացած աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից:

Նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կարեն Գիլոյանն ունի ստացված  հիպոտեկային վարկի մայր գումարի երկու մնացորդ` 25 միլիոն 280 հազար դրամ և 20 միլիոն 600 հազար դրամ, միասին` 45 միլիոն 880 հազար դրամ: 2 դեպքում էլ հիպոտեկի առարկան բնակարանն է: Տարվա կտրվածով վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 2 ու կես միլիոն դրամ, ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերը կազմել են 3 ու կես միլիոն դրամ:

Արաքսիա Սվաջյան
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը իր պաշտոնը ստանձնել է այս տարվա հունվարի 3-ին, հայտարարագրում, որը ներկայացրել է այս տարվա հունվարի 12-ին, նշել է, որ Կենտրոն վարչական շրջանում` բազմաբնակարան բնակելի շենքում  ունի 2 բնակարան, որոնցից մեկը գնել  է 2016-ին, մյուսը` 2020-ին: Նախարարի տեղակալն ունի MAZDA մակնիշի (2014-ին թողարկված) ավտոմեքենա, որը գնել է հենց նախորդ տարի` 2022-ին: Սվաջյանի բանկային հաշիվների մնացորդը (բացառությամբ ավանդների) պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմում են 346 եվրո, 685 հազար դրամ և 768 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարարի մյուս տեղակալների ունեցվածքի վերաբերյալ հրապարակումը կներկայացնենք ավելի ուշ:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ