ԳլխավորԼուր

Դպրոցական սննդի միջազգային օրը՝ Զառ գյուղի դպրոցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Դպրոցական սննդի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Զառ գյուղի (Կոտայքի մարզ) Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Տոնի շրջանակում կազմակերպված միջոցառումը համախմբել էր տարրական դպրոցի աշակերտներին և նրանց ծնողներին։ Միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և նրա գործընկերները՝ ԿԶՆԱԿ հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը, Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտը (SIFI):

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին՝ Արաքսիա Սվաջյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը հատկապես այն դպրոցներում, որոնք ներգրավված են «Դպրոցական սնունդ» ծրագրում:

Դպրոցական սննդի միջազգային օրն այս տարի անցկացվում է «Մեր փոփոխվող սննդակարգը՝ մեթոդներ, ճաշացանկ և ուտեստներ» խորագրով: Զառ գյուղի Ժ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտներն այս անգամ ուսուցիչների հետ միասին բացահայտել են առողջ սնվելու հիմնական սկզբունքները՝ կատարելով թեմատիկ առաջադրանքներ։

Միջոցառման ընթացքում երեխաների համար անցկացվել են տարաբնույթ խաղեր և ինտերակտիվ ներկայացում։ Արհեստավարժ խոհարարի և սննդաբանի կողմից ծնողների համար կազմակերպվել էր առողջ սննդի վերաբերյալ վարպետաց դաս՝ մասնակիցներին առողջ սնվելու հիմունքներին ծանոթացնելու, «Դպրոցական սննդի» ծրագրին ծնողների ուշադրությունը հրավիրելու և երեխաների ճաշացանկում բանջարեղենի, մրգերի ընդգրկման կարևորության մասին նրանց հիշեցնելու համար:

2023 թվականին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 11-րդ տարեդարձը, որը նշվում է մարտի սկզբին: Այդ օրն ամբողջ աշխարհում դպրոցական սննդի ծրագրերում ներգրավված դպրոցների ուսուցիչները, աշակերտները ու խոհարարները մասնակցում են թեմատիկ միջոցառումների և իրազեկում են դպրոցական առողջ սննդի ծրագրի վերաբերյալ իրենց հաջողության պատմությունների մասին: Նմանօրինակ միջոցառումների առաջնային նպատակն է քննարկել դպրոցական սննդի նշանակությունը, ինչպես նաև դրա հսկայական ներդրումը կրթական գործընթացներում և երեխաների բարեկեցության գործում:

Դպրոցական սննդի միջազգային օրը՝ Զառ գյուղի դպրոցում

2010 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը ՀՀ մարզերում իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը։ 2015 թվականից սկսած՝ ՀՀ տարբեր մարզերում աստիճանաբար ծրագիրն անցել է Կառավարությանը և ամբողջությամբ ազգայնացվել 2023 թվականի հունվարին։ Ներկայում ՀՀ կառավարությունը, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ, իրականացնում է «Դպրոցական սնունդ» ծրագիրը հանրապետության 10 մարզում՝ յուրաքանչյուր օր ավելի քան 100 հազար երեխայի ապահովելով առողջ և հավասարակշռված սննդով։