ԳլխավորԼուր

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է դպրոցներում դրամահավաքության խնդրին

Արաքսիա Սվաջյան

ԿԳՄՍ նախարարությունն ահազանգեր է ստանում դպրոցներում իրականացվող դրամահավաքների վերաբերյալ և միջոցներ ձեռնարկում՝ դրանք բացառելու համար:

Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ «Ահազանգեր ենք ստանում ծնողներից, որոնք արդարացիորեն մտահոգված են դպրոցներում իրականացվող դրամահավաքների առնչությամբ: Բնականաբար, մեր կողմից միջոցներ են ձեռնարկվում այդ գործընթացների վերահսկողության և նմանատիպ երևույթները բացառելու համար: Այդուհանդերձ, շատ հաճախ նախաձեռնությունը հենց ծնողներինն է լինում: Հասկանալի է՝ յուրաքանչյուր ծնողի համար տոն է իր երեխայի թե՛ դպրոց ընդունվելը, թե՛ դպրոց ավարտելը: Բայց պետք է հասկանալ՝ արդյոք դա բովանդակայի՞ն տոն է, ու պետք է ուրախանալ և արձանագրել երեխայի հաջողությունը, թե՞ պետք է դա վերածել խնջույքի: Այստեղ նաև գործընթացն արժևորելուն և այն համապատասխան կերպով կազմակերպելուն է վերաբերում, ինչում ծնողները մեծ դերակատարություն ունեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ առաջնային խնդիրը հանրային գիտակցության փոփոխությունն է, որպեսզի բացառվեն անհարկի, կրթության բովանդակությանը ոչ հարիր միջոցառումները:

Նրա խոսքով՝ ուսումնական տարվա ավարտին ընդառաջ նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել հանրակրթական դպրոցներ՝ դրամահավաքները բացառելու հորդորով ու պահանջով: Ինչ վերաբերում է ահազանգերին հետևողական լինելուն, Արաքսիա Սվաջյանն ընդգծել է.

«Այս պահին հստակ վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, թե քանի դպրոցում և որքան գումար է հավաքվում, բայց միանշանակ է՝ չի եղել որևէ հայտ կամ բողոք, որը նախարարությունը ստացել է և հետևողական արձագանք ցույց չի տվել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: