ԳլխավորԼուր

Քոչարյանը բնակարան ունի Իսպանիայում, Մարտիրոսյանը` Toyota. ԿԳՄՍ փոխնախարարների ունեցվածքը

Արթուր Մարտիրոսյան, Ալֆրեդ Քոչարյան

Usanogh.am-ն արդեն ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, փոխնախարարներ Արա Խզմալյանի, Արաքսիա Սվաջյանի, Կարեն Գիլոյանի ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ, որոնց ծանոթացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին նախարարի ներկայացրած 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրից:

Այժմ ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարի տեղակալներներ Արթուր Մարտիրոսյանի և Ալֆրեդ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ տվյալներ:

Եվ այսպես. Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը ստանձնել է 2020-ի փետրվարին: Վերոնշյալ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի բնակարան Երևանի Ավան վարչական շրջանում, բազմաբնակարան բնակելի շենքում, այն գնել է  2010-ին: Փոխնախարարն ունի նաև Toyota մակնիշի ավտոմեքենա`թողարկված 2010-ին, այն գնել է  2018-ին: Արթուր Մարտիրոսյանը  նախորդ տարվա սկզբում ունեցել է «ՀայԷկոնոմԲանկ»-ից  վերցված փոխառություն` 21 միլիոն 404 հազար դրամի չափով: Տարվա վերջում արդեն այդ գումարը կազմել է 19 միլիոն 911 հազար դրամ: Նախորդ տարվա սկզբում  և ավարտին տվյալ բանկում առկա ավանդի գումարը կազմել է 1 միլիոն 240 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը

2022-ի սկզբին իր բանկային հաշիվներին նախարարի տեղակալն ունեցել է 1 միլիոն 254 հազար, որը տարեվերջին դարձել է 1 միլիոն 511 հազար դրամ և 332 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 95 հազար դրամ: 2022-ի սկզբին Արթուր Մարտիրոսյանն ունեցել է 3 միլիոն կանխիկ դրամ, իսկ տարեվերջին` 4 միլիոն 700 հազար դրամ: Նախորդ տարի փոխնախարարը ստացել է 13 միլիոն 21 հազար դրամ եկամուտ, որը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարությունից ստացված աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Ինչ վերաբերում է վարկի մարմանը, Արթուր Մարտիրոսյանը ծախսել է 3 միլիոն 871 հազար դրամ:

Իսկ ահա ԿԳՄՍ մյուս փոխնախարարը` Ալֆրեդ Քոչարյանը, իր պաշտոնը ստանձնել է 2021-ի դեկտեմբերին: Նա նշել է, որ ունի 2 բնակարան, մեկը` Երևանի Կենտրոն վարչական շրջանում բազմաբնակարան բնակելի շենքում, այն ձեռք է բերել 1991-ին, իսկ մյուս բնակարանն Իսպանիայում է` կրկին բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում, 50% բաժնեմասով: Փոխնախարարն այն գնել  է 2012-ին:

Ալֆրեդ Քոչարյան

Ալֆրեդ Քոչարյանը հայտարարագրել է միանգամից 3 մեքենա, մեկը` Volkswagen  մակնիշի, թողարկված` 2003-ին, մյուսը` Tesla, թողարկված 2019-ին, և երրորդը` Mazda, թողարկված` 2016-ին: Ալֆրեդ Քոչարյանն իր բանկային հաշվին նախորդ տարեսկզբին ունեցել է 2 միլիոն 416 հազար դրամ, իսկ տարեվերջին` 4 միլիոն 14 հազար դրամ: Տարեսկզբին և տարեվերջին փոխնախարարն ունեցել է 700 հազար դրամի չափով կանխիկ դրամ: Քոչարյանը 2022-ին ստացել է 13 միլիոն 242 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է ԿԳՄՍ նախարարությունից ստացված աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ