ԳլխավորԼուր

Հայաստանում Ֆրանսիական վերածննդի նախագիծը (FSPI) կմեկնարկի 2024 թվականին

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գիյոմ Նարջոլեին և Դոմինիկ Վեյսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդական Գիյոմ Նարջոլեին և կրթական համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսին, հայտնում են նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդական քաղաքականության իրականացման բնագավառներում՝ շեշտադրելով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության դերակատարությունը նշյալ բնագավառներում ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու համար:

Հանդիպմանը ֆրանսիական կողմը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիական վերածննդի նախագիծը (FSPI), որը նախատեսվում է մեկնարկել 2024-2025 թվականների ընթացքում: Ծրագրի առանցքում ՀՀ քոլեջներում և դպրոցներում ֆրանսերենի դասավանդման և ուսուցման որակի բարելավումն է: Կողմերը քննարկել են ծրագրի իրականացման ձևաչափն ու համագործակցության հնարավորությունները նշյալ գործընթացում:

«Մենք արդեն իսկ ունենք այս ուղղությամբ հաջող համագործակցության փորձ: Խոսքս վերաբերում է Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցչի օգնականներ ունենալու և Գյումրու դպրոցներից մեկը ֆրանսերենի տարածաշրջանային ռեսուրս-դպրոց դարձնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկվել են ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման, մեթոդական աջակցության, գործընթացում առավել շատ ուսումնական հաստատություններ և սովորողներ ներգրավելու անհրաժեշտության վերաբերյալ մի շարք հարցեր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցության և մշակութային հարցերով խորհրդականը կարևորել է ԿԳՄՍ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը նշյալ գործընթացներն իրականացնելու գործում: Ֆրանսիական կողմը փաստել է, որ ֆրանսերենի դասավանդման վերապատրաստմանը մասնակցող ուսուցիչները կստանան վկայականներ:

Քննարկման ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկա հանդիպումներում ներկայացնել գործնական քայլերին ուղղված աշխատանքները: