ԳլխավորԼուր

Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը

Հայտնի է «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողը

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր հայտարարվել է Ֆրանսիայի հեղինակավոր «Գոնկուր» գրական մրցանակի հայաստանյան հաղթողի անունը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հաղթող գրքի ընտրությունը կատարել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆրանսերենի բաժիններում սովորող 30 ուսանողից կազմված ժյուրին:

«Գոնկուր» ակադեմիայի կողմից առանձնացված 8 գրքից հաղթող է ճանաչվել Գաել Ֆեյի «Ջակարանդա» գիրքը (Gaël Faye “Jacaranda”), որը պատմում է Ռուանդայի ցեղասպանության մասին, բայց նաև սիրո և մարդկային ճակատագրերի մասին հուզիչ պատմություն է: Հաղթող վեպը կթարգմանվի հայերեն և լույս կտեսնի «Նյումեգ» հրատարակչության կողմից:

Նշենք, որ Հայաստանում «Գոնկուր» գրական մրցանակի ընտրության մեկնարկը տրվել է 2024 թվականի հոկտեմբերի 12-ին «Ֆրանկոֆեստ» միջոցառման շրջանակում: Երևանում անցկացված մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել հայտնի գրող, փիլիսոփա և ֆրանսիական Գոնկուրի ժյուրիի անդամ Պասկալ Բրուկները և «Գոնկուր» ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն։

Նախաձեռնությունը կանցկացվի ամեն տարի. նպատակը Հայաստանում ժամանակակից ֆրանսալեզու գրականության համար մրցանակի սահմանումն ու հաղթող ստեղծագործությունների հայերեն թարգմանությամբ հրատարակումն է:

Գոնկուրը Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակն է, որը 1903 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է ֆրանսերենով գրված լավագույն արձակ ստեղծագործությանը։ Ընտրությանը մասնակցում է 10 հայտնի հեղինակներից բաղկացած ժյուրին։