ԳլխավորԼուր

ՌՀՀ ուսանողուհու վավերագրական ֆիլմը մրցանակ է ստացել Բուլղարիայի Golden FEMI փառատոնում

Միլենա Հովհաննիսյան

Ռուս-հայկական համալսարանի «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» մասնագիտության ուսանողուհի (Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտ, Դավիթ Բաբախանյանի արվեստանոց) Միլենա Հովհաննիսյանը դարձել է Սոֆիայում (Բուլղարիա) մայիսի 23-ից հունիսի 6-ը կայացած «Golden FEMI» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր, հայտնում են բուհից։

Միլենա Հովհաննիսյանը ներկայացրել է «Հոգևոր ուժ» վավերագրական ֆիլմը։ Այն մի մարդու մասին է, որը վթարի հետևանքով կորցրել է ձեռքերը, սակայն կարողացել է հաղթահարել կյանքի ծանր փորձությունները՝ շնորհիվ իր կամքի ուժի, ստեղծագործ մտքի և նպատակասլացության։ Այսօր ֆիլմի հերոսը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել որպես գյուտարար՝ նշանակալի ներդրում ունենալով հասարակության զարգացման գործում։

«Այս հաղթանակը ևս մեկ կարևոր քայլ է իմ ռեժիսորական գործունեության մեջ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ ֆիլմին և օգնեցին, որ այն գտնի իր հանդիսատեսին»,- նշել է Միլենան։

Հեղինակի անունից մրցանակը հունիսի 6-ին կայացած հանդիսավոր արարողության ընթացքում ստացել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը։

Նշենք, որ «Golden FEMI»-ն միջազգային կինոփառատոնը նվիրված է շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, սոցիալական ներգրավվածությանը, հասարակության խոցելի խմբերի աջակցությանը, ինչպես նաև կինոյում կանանց դերի և նվաճումների խթանմանը։

Այս տարի փառատոնի մրցանակակիրների թվում են եղել նաև Արգենտինայի, Ինդոնեզիայի, Լեհաստանի, Լիբանանի, Կիպրոսի, Մոնղոլիայի և Մարոկկոյի կինոգործիչները։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews