Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր»-ը «Ոսկե գլոբուս» է նվաճել «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում, մրցանակը հանձնել են Լոս Անջելեսում ընթացող 81-րդ արարողության ժամանակ, հայտնում է RollingStone-ը։
Այս անվանակարգում ներկայացված էին նաև Ջոնաթան Գլեյզերի «Հետաքրքրությունների գոտին», կորեացի ծագումով ամերիկացի ռեժիսոր Սելինա Սոնի «Անցյալ կյանքեր», ֆրանսիացի ռեժիսոր Ջասթին Տրիեի «Անկման անատոմիան», Բրեդլի Կուպերի «Մաեստրո» և Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի մարդասպանը»:
Կիլիան Մերֆին մրցանակ է ստացել տղամարդու լավագույն դրամատիկ դերի համար («Օպենհայմեր»), իսկ Ռոբերտ Դաունի-կրտսերը, ով նույնպես նկարահանվել է այս ֆիլմում, արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանի արձանիկի։
«Լավագույն կատակերգություն / մյուզիքլ» անվանակարգում մրցանակի է արժանացել Յորգոս Լանտիմոսի «Աղքատներ-դժբախտներ» ֆիլմը։
Լիլի Գլադսթոունը լավագույն դերասանուհի է ճանաչվել Մարտին Սկորսեզեի «Ծաղկային Լուսնի մարդասպանը» ֆիլմում գլխավոր կանացի դերի համար։
Փոլ Ջամատին «Ոսկե գլոբուս» է նվաճել «Լավագույն տղամարդու դեր կատակերգությունում/ մյուզիքլում» անվանակարգում ՝ «Լքվածները» ֆիլմում դերի համար։
«Ժառանգները» սերիալի չորրորդ ՝ եզրափակիչ սեզոնը «Ոսկե գլոբուս» է նվաճել «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում։
Կիրան Կալկինը «Ոսկե գլոբուս» է նվաճել դրամատիկական հեռուստասերիալում լավագույն դերակատարման համար («Ժառանգները»)։
«Բարբի» ֆիլմը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Կինեմատոգրաֆիական և դրամարկղային նվաճումներ» անվանակարգում, իսկ երգչուհի Բիլլի Այլիշը «Ոսկե գլոբուս» Է ստացել ֆիլմում հնչած “What Was I Made For?” ստեղծագործության համար։
Ճապոնացի ռեժիսոր Հայաո Միյաձակիի «Տղան և թռչունը» մուլտֆիլմը «Ոսկե գլոբուսի» Է արժանացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։
«Ոսկե գլոբուս»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» ու «Լավագույն սցենար» անվանակարգերում հաղթել է ֆրանսիական «Անկման անատոմիա»-ն։
«Ոսկե գլոբուսը» ամեն տարի շնորհվում է ավելի քան 20 անվանակարգերում ՝ կինոյում և սերիալներում ձեռքբերումների համար: Արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում։ Այս տարի այն հեռարձակվում էր CBS հեռուստաալիքով:
Մրցանակակիրների ցանկն ամբողջությամբ՝ այստեղ։