Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համար սահմանվել է 300 հազար ՀՀ դրամի շեմ՝ նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված եկամուտների համար․ հայտարարագրում քաղաքացիները կարող են չլրացնել 300 հազար դրամից պակաս և միանվագ ստացված այդ գումարները, հայտնում են ՊԵԿ-ից։
Երեք հարյուր հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե՝ նմանատիպ գործարքների հանրագումարին։
Նա նաև տեղեկացրել է, որ սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն համարվում եկամուտներ և չեն ներառվում եկամուտների հայտարարագրում։
Բացի այդ, եթե քաղաքացին հաշվեհամարին կամ քարտին վճարային տերմինալից անձամբ կատարել է փոխանցում, ապա դա չի համարվում եկամուտ և չպետք է ներառի հայտարարագրում։
Եթե 2024 թվականի ընթացքում արտերկրից քաղաքացուն որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, ապա այդ գումարների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։
Տարբեր առիթներին ստացված դրամական նվերների վերաբերյալ տեղեկությունը ևս պետք է ներառվեն հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա չեն։
Եթե քաղաքացին որևէ մեկին տվել է պարտքով գումար, ապա վերադարձվող պարտքի գումարը չի համարվում եկամուտ և ենթակա չէ հայտարարագրման։
Հիշեցնենք` վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեն մինչև մայիսի 1–ը։ Հայտարարագրում պետք է նշված լինեն 2024 թվականին քաղաքացու ստացած եկամուտները։


