ԳլխավորԼուրԿրթություն

Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը: Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար:

Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:

Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։

Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչպես նաեւ համապատասխան մասնագիտությունների ցանկը կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում։

Նախագիծն ընդունվեց՝ ստանալով 102 կողմ, 2 դեմ, 4 ձեռնպահ ձայն:

Օրենքը չի տարածվում բակալավրիատում սովորողների վրա

 

Comment here