ԳլխավորԿրթություն

«Էրազմուս» ուսանողական ցանցը պատրաստ է աջակցել արտերկրի սովորողներին

«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։ «Էրազմուս» ուսանողական ցանցի կարգախոսն է՝ ուսանողներին օգնող ուսանողները։

Ներկայում «Էրազմուս» ուսանողական ցանցը միավորում է 42 երկրների 540 քաղաքներում գտնվող ներկայացուցչություններ, որոնց 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած համաժողովում որպես թեկնածու միացել է նաև երևանյան թիմը։ Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի աջակցությամբ ցանցն իրականացրել է մի շարք ուսանողական նախաձեռնություններ՝ հայաստանյան համագործակից բուհերի արտաքին կապերի բաժինների, ուսանողական կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ:

Ցանցի գործունեության առաջնային շահառուները համարվում են Էրազմուս+ ծրագրով ժամանած միջազգային ուսանողները, ինչպես նաև մեկնող կամ վերադարձած հայ ուսանողները, որոնք հետաքրքրված են վերաինտեգրվել հայրենի երկրում՝ որպես միջազգային ուսանողների մենթոր:

Մինչ այս պահը «Էրազմուս» ուսանողական ցանցի երևանյան թիմն իրականացրել է Էրազմուս+ ծրագրի վերաբերյալ արշավների շարք։ Տարբեր բուհերում կազմակերպվել են «Ինչպե՞ս կրթություն ստանալ արտերկրում» թեմայով քննարկումներ, որոնց ընթացքում ուսանողները տեղեկացել են ցանցի գործունեության և արտերկրում ուսումը շարունակելու առավելությունների մասին։ Այդ քննարկումների ընթացքում ուսանողները նաև հնարավորություն են ստացել լսել տարբեր երկրներում իրենց կրթությունը շարունակող հայ ուսանողներին, Հայաստանում սովորող արտասահմանցի ուսանողներին և ուղղել նրանց իրենց հուզող հարցերը:

Չնայած COVID-19 համավարակին՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի երևանյան ներկայացուցչությունն իր գործունեության մի քանի ամիսների ընթացքում հասցրել է Հայաստանում հյուրընկալել միջազգային ուսանողներ և կամավորներ։

«Օդանավակայանում դիմավորելուց մինչև Հայաստանի տեսարժան վայրերը, մայրենի լեզուն և մշակույթը միասին բացահայտելը, այսինքն՝ արտերկրի ուսանողների այցը Հայաստան աննկարագրելի ու հեշտ դարձնել. ահա թե ինչ է նշանակում լինել ցանցի անդամ»,- «Էրազմուս» ուսանողական ցանցի գործունեության մանրամասներն է ներկայացնում երևանյան ներկայացուցչության նախագահ, ՀՖՀՀ կարիերայի համակարգող և «Volunteam» ՀԿ-ի համահիմնադիր Նենսի Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Էրազմուս+ ծրագրին դիմելիս օտարերկրյա ուսանողները մտածում են ճամփորդության, նոր մշակույթի բացահայտման և այլ նմանատիպ երևույթների մասին, սակայն ուսումնառության ընթացքում բախվում են մի շարք խոչընդոտների, ինչպես, օրինակ, տեղի լեզվի չիմացությունը, օտար լեզվով (անգլերեն) դասերի ոչ լայն ընտրություն: Նենսին վստահեցնում է՝ «Էրազմուս» ուսանողական ցանցի երևանյան թիմը պատրաստ է արտահամալսարանական ու ճանաչողական բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել արտերկրի ուսանողներին աջակցելու համար:

Comment here