ԳլխավորԼուր

Հնդկաստանում բողոքի ակցիաների կենտրոնում ուսանողներն են. բուհեր են փակվել

Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել երեք շաբաթով փակել այն համալսարանները, որոնց ուսանողները քաղաքացիության մասին օրենքի նոր տարբերակի ընդունումից հետո մասնակցել են զանգվածային անկարգությունների, ինչպես նաեւ սահմանափակել ինտերնետի հասանելիությունը հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան շրջանների բնակիչների համար։

Սահմանափակումները կգործեն Ուտար-Փրադեշ, Արեւմտյան Բենգալիա, Ասամ եւ մայրաքաղաքային Դելի շրջաններում, որտեղ արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ քաղաքացիություն տրամադրելու մասին նոր օրենքի։ Այն նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգ հարեւան Աֆղանստանի, Պակիստանի եւ Բանգլադեշի ոչ մահմեդական բնակիչների համար։  Ցուցարարների կարծիքով՝ դրա շնորհիվ միլիոնավոր նոր բնակիչներ կհայտնվեն իրենց շրջաններում, ինչն էլ կհարվածի տեղի բնակչության շահերին։

Ավվելի վաղ հայտնի էր դարձել, որ իրավապահների հետ բախումների ժամանակ վնասվածքներ է ստացել մոտավորապես 60 մարդ, նշվում է նաեւ 3 զոհի մասին։ Ձերբակալվել է գրեթե 100 ուսանող, նրանց մեծ մասն ազատ է արձակվել։

Նյու Դելիում անկարգությունների կենտրոնը «Ջամիա Միլիա Իսլամիա» համալսարանն է, որտեղ ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների։ Բողոքի ակցիաներին իրենց աջակցությունն են հայտնել Մումբայի, Պունա եւ այլ քաղաքների մի շարք բուհեր։

Համալսարանական դասախոսների ասոցացիան դատապարտել է բռնություններն ու իշխանությունների հետ խաղաղ բանակցությունների կոչ է արել ուսանողներին։

Comment here