Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են Հայաստանի դպրոցներում, իսկ մոտ 2800–ը` բուհերում և քոլեջներում։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Աշակերտների համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ:
«Ուզում եմ ընդգծել, որ շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ ուսումնական հաստատություններում և կրթաթոշակի միջոցով իրենց ուսման վարձը փոխհատուցել»,–ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են բուհերում, իսկ 1000 ուսանողներ՝ քոլեջներում:
Անդրադառնալով ՀՀ–ում արդեն իսկ սովորող արցախցի ուսանողներին, որոնց ուսման վարձը վճարում էր ԼՂ իշխանությունը կամ ուսանողների ընտանիքները, որոնք նույնպես տեղահանվել են և այժմ չունեն ուսման վարձ վճարելու հնարավորություն, նախարարը հայտնեց, որ այդ խմբի ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 սովորող, գումարները փոխանցված են բուհերին ու քոլեջներին։
Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից տեղահանված ավելի քան 108 հազար մարդկանցից մոտ 21 հազարը դպրոցահասակ երեխաներ են։