ԳլխավորԼուր

Փոխնախարարներն այցելել են հայ- հունական պետական քոլեջ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր, այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է ուսումնական հաստատության հաջողություններին, համավարակից հետո ծառացած մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հունաստանի զբոսաշրջության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանության կողմից ցուցաբերված աջակցությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քոլեջում երեխաները ոչ միայն սովորում են հունարեն, այլև հաղորդակից են դառնում հունական մշակույթին: Նա նաև շեշտել է «Էրազմուս պլյուս» ձևաչափով հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության առանցքային նշանակությունը:

Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին էլ անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեության կարևորությանը, փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջնակարգությանը, երկու ժողովուրդների՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի նշանակությանը:

Այնուհետև քոլեջի սաները հատվածներ են արտասանել հույն գրող Ն. Կազանձակիսի, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, բանաստեղծներ Յ. Սեֆերիսի և Օ. Էլիտիսի երկերից:

Հաջորդած գործնական քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջին մասնագիտական կրթության ոլորտում հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության և համատեղ կրթական ծրագրերին առնչվող հարցերի վերաբերյալ: