ԳլխավորԼուր

ՀՊՄՀ-ն վերափոխման ճանապարհ է անցնելու. փոխնախարար

«Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկել ենք առաջիկա տարիների ռազմավարությունը՝ նպատակադրելով բուհում մասնագիտությունների ցանկի վերանայման ու կրթության ոլորտի մի շարք կարևոր, բայց մեր երկրում չուսուցանվող մասնագիտությունների ներդրման խնդիրը, օրինակ՝ կրթության տեխնոլոգիաների, գնահատման համակարգի, կրթության ոլորտի հետազոտությունների և այլ ուղղություններով»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար,  Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։

«Քննարկել ենք մանկավարժի կրկնակի որակավորման ծրագրերի ներդրման, դիմորդների ներգրավման նոր ձևերի ներդրման, օրինակ՝ դպրոցներում նոր չափորոշիչների բաղադրիչ հանդիսացող մասնագիտական կողմնորոշման ակումբներում մանկավարժի մասնագիտությունը ներկայացնող առանձին մոդուլի ներդրման, շրջանավարտների միության ձևավորման, բուհում կրթության ոլորտի անհրաժեշտ գիտահետազոտական աշխատանքների ծավալման, բուհի հետ համագործակցող փորձարարական դպրոցների ցանցի ձևավորման, նաև օտարալեզու կրթության իրականացման և օտարերկրյա ուսանողների ներգրավման, Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների պատրաստման նոր ձևերի, մանկավարժական կրթությունը կարգավորվող մասնագիտություն դարձնելու անհրաժեշտության և այլ թիրախների մասին։

Ընդ որում, կարևորում եմ, որ ռազմավարությունը լրամշակվել էր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ։

Վստահ եմ, որ առաջիկայում բուհը էական վերափոխման ճանապարհ է անցնելու՝ դառնալով կրթության ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստող կարևորագույն կառույց»,-նշված է գրառման մեջ։