ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարը Դիլիջանում այցելել է թանգարաններ

Ժաննա Անդրեասյանն ու Ալֆրեդ Քոչարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 20-ին այցելել է Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ, շնորհավորել թանգարանի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ և շրջել ցուցասրահներով, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Թանգարանի ավագ գիտաշխատող Անժելա Լալայանի խոսքով՝ պատկերասրահի ինքնատիպությունն այն է, որ բացի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներից, թանգարանում ներկայացված են նաև քանդակներ, հնագիտական, ազգագրական և կիրառական արվեստի նմուշներ: Թանգարանում պահվում և ցուցադրվում են արծաթյա իրեր, լուսանկարներ և հնատիպ գրականություն:

Նշենք, որ Դիլիջանի երկրագիտական թանգարանի պատկերասրահը կազմավորվել է 1958 թվականին. վերջինիս ստեղծման գործում մեծ ներդրում են ունեցել Հովհաննես Շարամբեյանն ու Բորիս Պիոտրովսկին: Պատկերասրահն ընդգրկում է XVI-XX դդ պատկանող գեղանկարնկարչական և գրաֆիկական ստեղծագործություններ, հարուստ է հայ և արտասահմանյան նկարիչների` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, ամերիկացի նկարիչ՝ Ռոքուել Քենտի, ռուս նկարիչներ՝ Իվան Պորֆիրովի, Իվան Շիշկինի, ֆրանսիահայ նկարիչներ՝ Էդգար Շահինի, Խաչատուր Ժերանյանի, Գառզուի բնօրինակ աշխատանքներով:

ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան և հետևել թանգարանում ընթացող նորոգման, ամրակայման ու վերականգնման աշխատանքներին, որոնք, ըստ նախնական ծրագրի, կավարտվեն 2024 թվականին:

Ժաննա Անդրեասյանն ու Ալֆրեդ Քոչարյանը
Ժաննա Անդրեասյանն ու Ալֆրեդ Քոչարյանը