ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Ժաննա Անդրեասյանի մամուլի ասուլիսը

ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է մշակույթի ոլորտում իրականացվող գործընթացներին՝ ընդգծելով, որ առկա են մեծ ծավալի անելիքներ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարի ներկայացմամբ՝ մշակվել է «Մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարությունը», որի նախագիծը սահմանված կարգով շրջանառվել և անցել է հանրային քննարկումների փուլը: Նախագծի վերջնական և ամբող­ջական փաթեթն առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային հաստատությունների՝ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին, որը միտված է մշակութային հաստատությունների ավելի մեծ չափով սեփական եկամուտների ապահովմանը, որին զուգընթաց պետությունն ավելի մեծ մասնակցություն կունենա կազմակերպության ֆինանսավորմանը:

Ֆինանսավորման նոր մոդելի փորձարկումը կիրականացվի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

«Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը փորձարկման տարբերակով նախատեսվում է իրականացնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կարծում եմ առաջիկայում կշրջանառվի նախագիծը՝ ֆինանսավորման նոր մոդելի փորձարկման նպատակով, և արդեն այս տարի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կկարողանա աշխատել այս հիմքով: Նոր մոդելը կբերի որակական փոփոխություններ մշակութային հաստատությունների գործունեության մեջ, որից առաջին հերթին պետք է շահեն մեր քաղաքացիները»,- ասել է նախարարը:

Հուշարձանների գրանցման ճկուն և արդյունավետ մեխանիզմ գտնել

Մշակույթի ոլորտում ընթացող գործընթացներից Ժաննա Անդրեասյանն առավելապես կարևորել է հուշարձանների ոլորտում օրենսդրական փոփոխությունների հաստատումը՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքների ընդունումը ԱԺ-ում:

«Հիմա մենք նախատեսում ենք օրենքի ավելի մեծ փոփոխություն, որի շուրջ տարվում են աշխատանքներ: Հատկապես կարևորում եմ հուշարձանների կադաստրի վարման գործընթացը, որի պարտավորությունը գերատեսչությունն ունեցել է, սակայն սա այն գործառույթներից է, որ նախարարության կառուցվածքում իրացված չի եղել: Հիմա կառուցվածքային փոփոխությամբ մենք նաև արձանագրում ենք այս հարցը, ինչպես նաև օրենքի փոփոխությամբ պատմամշակութային հուշարձանների գրանցման առանձնահատկությունները սահմանող հնարավորություններ ենք ամրագրել, որը մեզ թույլ է տալու առկա հուշարձանների գրանցման ճկուն և արդյունավետ մեխանիզմ գտնել: Այստեղ ունենք լրջագույն խնդիրներ. հուշարձանների հիմնական մասը կադաստրի պետական գրանցման փուլով չեն անցել և սա առաջ է բերում այդ հուշարձանների պահպանության, դրանց տարածքների անխաթարության լրջագույն խնդիրներ: Պատրաստվում ենք լուծել այս և նմանատիպ խնդիրները»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:

Քայլեր կձեռնարկվեն գրադարանները համայնքի կյանքին ինտեգրելու համար

Նախարարն անդրադարձել է նաև գրադարանների և գրահրատարակչության ոլորտներում առկա խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին. «Մի քանի ոլորտային հանդիպումներ արդեն կայացել են, այսօր էլ հանդիպելու եմ գրադարանների տնօրենների հետ: Մենք պետք է գտնենք արդյունավետ մոդել, և դա առաջիկա անելիքներից է, մասնավորապես համայնքային, մարզային գրադարանների մասով՝ դրանք արդյունավետ միջավայր դարձնելու և համայնքի կյանքին ինտեգրելու համար: Խնդիրները բազմաթիվ են և պետք է քայլեր մշակել դրանց լուծման ուղղությամբ»: