ԳլխավորԼուր

2021-22 ուստարում առաջին անգամ քոլեջներում ընդունելություն կկատարվի 5 նոր մասնագիտությամբ

Մարտի 22-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրել է 2020 թվականին կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը:

Կրթություն և գիտություն

2020 թվականին 21 նոր նախակրթարաններ են հիմնվել ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում` ապահովելով 5-6 տարեկան ևս 462 երեխաների ընդգրկում նախադպրոցական կրթության համակարգում։

Հանրակրթության ոլորտում իրականացված ներդրումային ծրագրերի գերակշիռ մասն ուղղվել է հանրակրթական դպրոցների կառուցմանն ու հիմնանորոգմանը, ուսումնական ենթակառուցվածքների զարգացմանը։

Նախարարը նշել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում Երևանի և մարզերի 99 ավագ դպրոցներում ստեղծվել են ֆիզիկայի 87, քիմիայի 84, կենսաբանության 84 և աշխարհագրության 48 լաբորատորիաներ։ Նույն ծրագրի շրջանակում 2020 թ.-ին սկսվել է 8 ավագ դպրոցի հիմնանորոգում, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կամփոփվի 2021 թ.-ին՝ հիմնանորոգման ավարտից հետո:

Հաշվի առնելով, որ 2020 թվականին կրթության կազմակերպումը, համավարակով պայմանավորված, իրականացվել է հեռավար, ԿԳՄՍ նախարարությունը մշակել է հեռավար կրթության կազմակերպման կարգը: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծվել են հեռավար ուսուցման առցանց հարթակը, էլեկտրոնային մատյանը, ինչպես նաև առցանց կրթական ռեսուրսների շտեմարանը:

Շարունակվել է կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացը․ 2020 թվականին ևս երկու մարզ անցում է կատարել համընդհանուր ներառական կրթության: 2021 թվականին համընդհանուր ներառական կրթությունը կներդրվի ևս երկու մարզում՝ ծածկելով ամբողջ հանրապետության տարածքը։

Փոփոխվել է դպրոցների ֆինանսավորման կարգը: Ըստ նախարարի` սովորողի թվով հաշվարկի պահանջը փոխարինվել է ըստ հաստատության տիպի իրականացվող կրթական ծրագրերի առանձնահատկությունները սահմանող հաշվարկով։

Ավելացել է դպրոցականների, ինչպես նաև մարզերի այն ուսուցիչների փոխհատուցման չափը, որոնք իրենց փաստացի բնակավայրից այլ բնակավայր են մեկնում` (ավելի քան 5 կմ հեռավորությամբ) աշխատելու կամ սովորելու: Նրանք այժմ նախկին 15.000-ի փոխարեն ստանում են 20.200 դրամ պետական փոխհատուցում:

Քոլեջներում և ուսումնարաններում ներդրվել են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր մասնագիտություններ: Մասնավորապես 2020 թվականին մշակվել են 5 նոր մասնագիտությունների չափորոշիչներ, որոնցով 2021-22 ուստարում առաջին անգամ ընդունելություն կկատարվի: 2020-21 ուսումնական տարում էլ առաջին անգամ ընդունելություն է կատարվել «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությամբ:

Ներկայում 15 նախնական և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում փորձնականորեն իրականացվում են դուալ կրթության 5 երկարաժամկետ դասընթաց և 3 կարճաժամկետ ուսուցման ծրագիր: Դրանց շրջանակում մասնավոր հատվածի 45 ընկերությունների հետ համագործակցությամբ իրականացվել են 155 երկարաժամկետ և 61 կարճաժամկետ ծրագրերով դասընթացներ:

Աշխատանքներ են իրականացվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների ինստիտուցիոնալ հենքի ստեղծման, ուսանողի անհատական կրթական հետագծի ապահովման նպատակով: Վահրամ Դումանյանի խոսքով` այդ ամենի հիմքում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումն է, որի նախագիծը վերջնական տարբերակով ներկայացված է ԱԺ հաստատմանը:

Կառավարության որոշմամբ՝ մեկ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում է տրամադրվում ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն սովորողներին, ովքեր մասնակցել են 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մարտական գործողություններին, ինչպես նաև, եթե մարտական գործողություններին մասնակցել է նրանց ծնողը կամ ամուսինը:

2020 թ. ձեռք է բերվել շուրջ 35000 կտոր ուսումնական գրականություն: 26460 կտոր գրականություն տրամադրվել է 11 երկրների 30 հայկական կրթօջախներին:

2020 թվականի պետական բյուջեով գիտության ոլորտի ֆինանսավորումը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելացել է շուրջ 1.5 մլրդ դրամով, որը հիմնականում ուղղվել է ոլորտի ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացմանը:

Բարձրացվել են ասպիրանտական և դոկտորանտական կրթաթոշակները. ասպիրանտները հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների դեպքում 2020-21 ուստարվանից ստանում են 65 000 դրամ (նախկին 30 000-ի փոխարեն), բնագիտական և այլ մասնագիտությունների դեպքում` 60 000 դրամ (նախկին 25 000-ի փոխարեն), տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների դեպքում` 55 000 դրամ (նախկին 20 000-ի փոխարեն), դոկտորանտները նախկին 30 000 դրամի փոխարեն ստանում են 65 000 դրամ:

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ «Արար» մշակութային ծրագրի շրջանակում ՀՀ 5 մարզերի 26 համայնքներում իրականացվել են մշակութային ծրագրեր, փառատոներ, վարպետաց դասընթացներ:

Մշակութային ժառանգության պահպանության, օգտագործման և հանրահռչակման շրջանակում իրականացվել են 31 պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրություններ և հնագիտական համալիր հետազոտական աշխատանքներ, 27 պեղումներ:

Հաշվետու ժամանակահատվածում հանրային գրադարանների նյութատեխնիկական ծրագրի շրջանակում համալրվել է 6 գրադարան։ Գրադարանները համալրվել են 50 հազար միավոր գրքով։ Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար ձեռք են բերվել 10 անուն շուրջ 7 տասնյակ երաժշտական գործիքներ, որոնք տրամադրվել են ՀՀ մարզերում գործող 36 երաժշտական և արվեստի դպրոցներին:

Սպորտ և երիտասարդություն

Տարբեր մարզաձևերից 2020 թվականին անցկացվել են Հայաստանի 86 առաջնություններ, 105 ուսումնամարզական հավաքներ, Հայաստանը ներկայացնող հավաքական թիմերը մասնակցել են 55 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի առաջնությունների: Նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ 2020 թվականի Եվրոպայի առաջնություններին մասնակցած ՀՀ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 1 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ ընդհանուր 12 մեդալ՝ ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, հրաձգություն, կարատե և բռնցքամարտ մարզաձևերից: Տոկիոյի 32-րդ Օլիմպիական խաղերի համար 2020 թ․-ին մեր մարզիկները նվաճել են չորս ուղեգիր:

Օլիմպիական խաղերի չեմպիոնների համար նախատեսված պատվովճարը 2020 թվականին կրկնապատկվել է՝ կազմելով 200 000 դրամ։ Օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար սահմանվել են պատվովճարներ՝ համապատասխանաբար 140 000 և 100 000 դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել: Կառավարության որոշմամբ՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում հաղթած մարզիկներին պետությունն այսուհետ պարգևատրելու է 5-ական մլն դրամով:

Հաշվետու ելույթից հետո ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոլորտային մի շարք խնդիրների:

Comment here