ԳլխավորԼուրԿրթություն

Պարտադիր չէ, որ բոլորը դառնան բուհի ուսանող. քննարկում՝ ԿԳՄՍՆ-ում

Այսօր Հայաստանի պետական և մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են բուհական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մասնակցել են բուհական և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պատասխանատուները:

Հանդիպման օրակարգում ընդգրկված են եղել երեք հիմնական հարցեր, որոնք վերաբերել են քոլեջներից բուհեր ընդունվելու կարգին, մագիստրատուրայի թափուր տեղերի վերաբաշխմանը, ուսման վարձի փոխհատուցմանը, ինչպես նաև ընդունելության արդյունավետ քննությունների անցկացմանը:

Պարտադիր չէ, որ բոլորը դառնան բուհի ուսանող

«Քոլեջից բուհ անցումը պետք է կազմակերպվի նորմալ մրցութային կարգով: Մեր նպատակը որակյալ կրթություն տրամադրելն է, այլ ոչ թե ապահովել, որ բոլորը դառնան բուհի ուսանող»,- ասել է նախարարի տեղակալը՝ ներկայացնելով միասնական մոտեցման հիմնական սկզբունքը՝ կոնկրետ մասնագիտության համար դիմորդը, անկախ բուհից, պետք է հանձնի նույն քննությունները: Օրինակ՝ մի բուհում տուրիզմի ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ է քննություն հանձնել մաթեմատիկայից, մեկ այլ բուհում՝ աշխարհագրությունից, մյուսում՝ օտար լեզվից: Քննությունների քանակական առումով էլ մոտեցումը պետք է նույնը լինի. առնվազն երկու քննություն, ևս մեկը կարող է լինել դիմորդի ընտրությամբ:

Բուհերի ներկայացուցիչները բարձրացրեցին այն հարցը, որ հաճախ իրենց քոլեջների մոտիվացված շրջանավարտները դուրս են մնում մրցույթից, քանի որ մեկ այլ քոլեջի բարձր առաջադիմությամբ ուսանողները համալրում են բոլոր տեղերը, դեպքեր կան, երբ հավասար միավորներ ստացած դիմորդների թիվն անցնում է մի քանի տասնյակից: Որպես լուծում առաջարկվում է պայմանագրեր ստորագրել այն քոլեջների հետ, որոնց դեպքում ավելի նպատակահարմար է, որ իրենց շրջանավարտները համալրեն տվյալ բուհի ուսանողների շարքերը: Բացի դրանից՝ հնարավոր է վերանայվի բուհերի հեռակա ուսուցման համակարգում քոլեջներին հատկացվող 20 տոկոսի շեմը:

Բուհը պետք է լինի զարգացող կառույց, այլ ոչ թե սոցիալական հիմնարկ

Անդրադառնալով մագիստրատուրայի թափուր տեղերի վերաբաշխման թեմային՝ փոխնախարար Կարեն Թռչունյանն առաջարկել է կանխատեսումներն ու հաշվարկները կատարել նախապես, այլ ոչ թե թափուր մնալուց հետո դիմել վերաբաշխման համար: Որպես կանոն, թափուր տեղերի վերաբաշխումը կատարվում է ըստ դիմորդների ձևավորած պահանջարկի, ինչը զարգացմանը միտված մոտեցում չէ: Բուհերը պետք է կատարեն աշխատաշուկայի ուսումնասիրություն և առաջարկեն մրցունակ ծրագրեր՝ այդպիսով ուղղորդելով դիմորդներին: Տարբերակված մոտեցում կարող է կիրառվել միայն սպորտի և արվեստի բուհերի պարագայում, երբ ուսանողի մասնագիտության ընտրությունը, նախասիրությունից զատ, որպես կանոն, պայմանավորված է նաև ֆիզիկական տվյալներով և տաղանդով:

Լիազոր մարմինն այս փուլում կուսումնասիրի բուհերի տրամադրած տվյալները ֆինանսական հաշվետվությունների մասով՝ վերլուծություններ կատարելու և լուծումներ առաջարկելու նպատակով: Կ. Թռչունյանի կարծիքով՝ բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է պատրաստեն բարձրակարգ ու մրցունակ մասնագետներ, դասավանդողների առաջ պետք է խնդիր դնել չսահմանափակվել միայն լսարանում դասախոսություններ կարդալու պրակտիկայով՝ այն զուգակցելով նաև հետազոտական աշխատանքով և միջազգային ծրագրերին մասնակցությամբ: Վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է վերանայել բուհերում լիցենզիայով սահմանված տեղերի թիվը:

Ուսման վարձի փոխհատուցման մասին՝ պատշաճ իրազեկում

Բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացվել են նաև ուսման վարձի փոխհատուցման կարգի փոփոխությունները: 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ընդհանրապես մարտական գործողությունների մասնակիցները կօգտվեն ուսման վարձի մեկ կիսամյակի ամբողջական փոխհատուցումից: Փորձ է արվելու այս հարցում միասնական մոտեցում կիրառել: Արտոնություններ են սահմանված նաև մարտական հերթապահություն իրականացրած անձանց համար:

Ինչ վերաբերում է անապահով ընտանիքների ուսանողներին, ապա մեծ ուշադրություն է դարձվելու միջին որակական գնահատականին. շեմը նախատեսվում է էականորեն բարձրացնել:

Նախարարության ներկայացուցիչները կարևորել են, որ բուհերի համապատասխան բաժինների աշխատակիցները բավարար չափով տեղյակ լինեն ուսանողների այս կամ այն խմբին տրամադրվող արտոնությունների մասին և պատշաճ ուղղորդեն ու իրազեկեն շահառուներին: Այդ նպատակով կարող են օգտագործվել բոլոր հնարավոր եղանակները՝ բուհերի կայքերը, սոցիալական ցանցերի էջերը, տեսանելի վայրերում փակցվող կամ պայմանագրի հետ տրամադրվող իրազեկող նյութերը: Բացի դրանից՝ ուսանողները պետք է իրազեկվեն նաև ուսման վարձի զեղչի համար ամբողջական փոխհատուցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի ու ներկայացման ժամկետների մասին:

Քննարկման ավարտին նախարարի տեղակալ Կ. Թռչունյանն ասել է, որ բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ, քանի որ ոլորտի բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է անդրադառնալ բոլոր հուզող հարցերին ու փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել:

Comment here