ԳլխավորԼուր

Երևանում պայթյունի հետևանքով մահացածը մարտունեցի ուսանող էր. Sputnik Արմենիա

Երևանի Արին Բերդ փողոցի տներից մեկում պայթյունը, որը մեկ տղայի կյանք էր խլել, ամենայն հավանականությամբ, գազի արտահոսքից է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։

Հայտնել էինք, որ Երևանի Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 հասցեում այսօր առավոտյան տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ։ Երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել դեպքի վայրում։

«Հեղուկ գազի բալոնից կամ կալոնկայից է արտահոսք եղել, և կալոնկան պայթյունից մի կողմ է շպրտել»,–ասել է Հակոբյանը։

Նշենք, որ կցակառույցում ապրել են մարտունեցի երկու ուսանող եղբայրներ, որոնք վարձակալել են այն։ Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին, մահացած տղայի եղբայրը տանը չի եղել։