Ավելի լուրջԳլխավորԽոսք

Էլ ինչի՞ համար լավ սովորել

Անհիշելի ժամանակներից մեր ծնողները՝ մեզ, մենք՝ երեխաներին սովորեցրել-հորդորել-խրատել, մեկ-մեկ էլ՝ ջղայնացել ենք. «Սովորիր, որ մարդ դառնաս», «Լավ սովորիր, որ լավ մասնագետ դառնաս», «Լավ սովորիր, որ…»։

«Լավ»-ը կրթական մեր համակարգում գոնե նշանակում է բարձր գնահատականներ ստանալ (սուբյեկտիվ բացառությունները չհաշված), իսկ դիմորդների դեպքում՝ հնարավորինս բարձր միավորներ հավաքել։

Ինչպես վերջին մի քանի ամիսը բոլորս ու ամեն ինչ արդարացնում-բացատրում ենք այսպես՝ «համավարակով պայմանավորված», մենք էլ ենք ասում՝ համավարակով պայմանավորված, այս տարվա բուհական ընդունելության քննությունների անցկացման կարգի, փոփոխությունների ու արդյունքների ոչ սովորական լինելու մասին շատ է գրվել-խոսվել։

Սթրեսային, շոգ, դիմակախեղդ ու անորոշության մեջ ամիսներ անցկացրած 16-17 տարեկան հազարավոր հայ երեխաներ թե ինչպես պարապեցին-քննություն հանձնեցին ու մեծ մասն ընդունվեցին՝ միայն իրենք ու  իրենց ծնողները գիտեն։

Բայց բոլոր դեպքերում աղաղակող (ճչացող, աներկբա, 100 տոկոս՝ ընտրեք ըստ ճաշակի) անարդարություն է, երբ թեկուզ 0.001 միավոր ավելի ստացած դիմորդը դուրս է մնում, եւ թեկուզ 0.001 միավոր բարձր ստացածը՝ ընդունվում նրանց համար այնքան բաղձալի բարձրագույն ուսումնական հաստատություն։

Հարյուրավոր երեխաներ, որ վաղուց պետք  է ընդունված լինեին ու հանգստանալու փորձեր անեին, ամառվա այս շոգին մե’կ ԿԳՄՍ նախարարության, մե’կ կառավարության, մե’կ Ազգային ժողովի առջեւ են ու պահանջում են պարզագույն արդարություն, ըստ որի՝ բարձր գնահատական ստացողը չի կարող չընդունվել՝ ի հակառակ ցածր ստացողի։

Լուրջ եւ անլուրջ դեմքով բազմաթիվ պաշտոնյաներ փորձում են համոզել (երեւի առաջին հերթին՝ իրենց), որ առաջին հայտով…, մասնագիտական կողմնորոշում… ու չգիտեմ ինչն ավելի ճիշտ է, ավելի պուպուշ ու ավելի արդար։

Մի պարզունակ օրինակով կարելի է այդ բոլոր փաստարկները մի թեթեւ անլուրջ դարձնել, ասենք՝ դասղեկը հայտարարում է, որ տարեվերջին դասարանի ամենալավ սովորող 10 երեխաները պետք է գնան հանգստանալու ամառային մի որեւէ գրավիչ ճամբարում։ Ու տարեվերջին ճամբար են գնում ոչ թե գերազանցիկներն ու հարվածայինները, այլ այն երեխաները, որ կամ դասի չեն եկել, կամ եկած ժամանակ մի թեթեւ ալարել են սովորել եւ ունեն «լացացնող» գնահատականներ։ Ինչո՞ւ։  Որովհետեւ առաջինն իրենք են ցանկություն հայտնել ու գրանցվել ճամբարում հանգստանալ ցանկացողների ցուցակում, համ էլ իրենք ավելի շատ են ցանկանում։

«Պահանջատեր դիմորդ» նախաձեռնությունը բազմաթիվ դիմորդների անունից դիմել է Վարչական դատարան։ Հուսանք՝ հաջողության կհասնեն։ Ու բողոքող դիմորդների քանակը հաշվելու փոխարեն մեր պատկան մարմինների պատկան «դյադերն ու տյոտյերը» ավելի լավ կանեն ընդառաջ գնան բոլոր այն երեխաներին, ում մանկուց սովորեցրել ենք, որ «լավ սովորիր, որ…», իսկ իրենք դյուրահավատություն են ունեցել մեզ հավատալու։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here