ԳլխավորԼուր

Դանիել Դանիելյանն այցելել է ԵԹԿՊԻ ու երաժշտական դպրոցներ

Դանիել Դանիելյանն այցելել է ԵԹԿՊԻ ու երաժշտական դպրոցներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է ստեղծագործական ուսումնական հաստատություններ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Դանիել Դանիելյանը շնորհավորել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Նրա համոզմամբ՝ այս դպրոցն այն լավագույն կրթական հաստատություններից է, որի շնորհալի և տաղանդավոր շրջանավարտները դարձել են արհեստավարժ երաժիշտներ և քայլել դեպի մեծ բեմեր: Դանիել Դանիելյանն առանձնակի կարևորել է մանկավարժների ավանդն ու ներդրումն աշակերտների կրթական առաջընթացի և մասնագիտական կայացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ դպրոց մուտք գործած սաներն այստեղ խորը գիտելիքներ և մասնագիտական բազում հմտություններ ձեռք կբերեն:

Նախարարի տեղակալը բոլորին մաղթել է հաջողություններ ուսման մեջ և ստեղծագործական ձեռքբերումներ:

Դպրոցի տնօրեն Մարտուն Կոնստանդյանը ևս շնորհավորել է դպրոցի սաներին և ուսուցիչներին՝ վստահեցնելով, որ դպրոցի բանիմաց մանկավարժներն իրենց ջանքն ու եռանդը ուղղելու են մեկ գերագույն նպատակի՝ կրթել գիտելիքներով հարուստ, մրցունակ և արժանապատիվ սերունդ:

Հաջորդիվ Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը սաներին մաղթել է բարի մուտք ուսումնական հաստատություն և մասնագիտական բազում հաջողություններ: Դանիել Դանիելյանը քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի ուղեկցությամբ շրջել է կառույցի տարածքում, այնուհետև պարասրահում հետևել սաների փորձերին: Նախարարի տեղակալը շնորհավորել է նաև ուսուցիչներին և դպրոցի տնօրինությանը՝ մաղթելով ստեղծագործական ներշնչանքներով լեցուն աշխատանք:

Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում և Երևանի պարարվեստի պետական քոլեջում սաներին և ուսուցիչներին շնորհավորելու էր եկել նաև այս կառույցների հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը:

Այնուհետև Դանիել Դանիելյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, հանդիպել բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ և շնորհավորել բոլորին: Նախարարի տեղակալը բուհի ռեկտոր Սառա Նալբանդյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և դասախոսների հետ դիտել է բուհի ուսանողների վերջին տարիների բեմադրություններից հատվածներ: Դանիել Դանիելյանը մասնակցել է նաև բուհի այս տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը: Նախարարի տեղակալը ուսանողներին և շրջանավարտներին մաղթել է բազում հաջողություններ, ստեղծագործական խիզախումներ և մասնագիտական ձեռքբերումներ:

Դանիել Դանիելյան, Սառա Նալբանդյան