ԳլխավորԼուր

Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել շուրջ 1400 ուսանողի, փոխհատուցվելու է ևս շուրջ 2840 շահառուի ուսման վարձ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Վահրամ Դումանյանը մարտի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է իր պաշտոնավարման ավելի քան 4 ամսվա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձել առաջիկա անելիքներին:

ԶԼՄ-ների հետ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը, Արթուր Մարտիրոսյանը, Արա Խզմալյանը, Կարեն Գիլոյանը, ինչպես նաև գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:

Ասուլիսի սկզբում Վահրամ Դումանյանը ներկայացրել է նախարարության գործունեության առանցքային ուղղությունները: Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության ենթակա ոլորտներն առնչվում են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերին։

«Գրեթե չկա մի ընտանիք, որի անդամներից գոնե մեկը չառնչվի հանրակրթության կամ բարձրագույն կրթության, գիտության, մշակույթի, սպորտի կամ երիտասարդության բնագավառներին։ Ըստ այդմ՝ բավականին ժամանակատար կլինի մեկ ասուլիսի ընթացքում ներկայացնել իմ հարյուրօրյա պաշտոնավարման արդյունքները, ինչպես նաև ուրվագծել առաջիկա գործունեության ուղղություններ»,- նշել է նախարարը՝ անդրադառնալով ռազմավարական նշանակություն ունեցող արդյունքներին և առաջիկա առանցքային ծրագրերին։

Ըստ Վահրամ Դումանյանի՝ ներկայում վերանայման փուլում է «Կրթության զարգացման 2021-2025 թվականների ռազմավարությունը», որի աշխատանքներն առկախվել էին պատերազմի պատճառով: Միջազգային գործընկերների, այդ թվում Ասիական զարգացման բանկի և UNICEF-ի փորձագիտական աջակցության շնորհիվ փաստաթղթի գործունեության պլանը ներառում է ինչպես ֆինանսական գնահատական, այնպես էլ գործողությունների հստակ ժամանակացույց՝ մշտադիտարկման և գնահատման պլանով:

Այնուհետև նախարարը ըստ ոլորտների ներկայացրել է իրականացված աշխատանքները:

Ներկայացնում ենք բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի հատվածը։

— Ընդունվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը:

— Մշակվել են բարձրագույն կրթության մի շարք ոլորտների որակավորումների բնութագրերը: Կհստակեցվեն նախատեսվող 7 որակավորումների ոլորտային շրջանակները, և կկազմվեն համապատասխան աշխատանքային խմբեր՝ ուսումնառության վերջնարդյունքների հիմքով բնութագրերը մշակելու համար:

— Մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողներին, մասնակից անձանց սովորող երեխաներին և սովորող ամուսնուն՝ ՀՀ-ում գործող միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորելու պարագայում: Ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել շուրջ 1400 ուսանողի, փոխհատուցվելու է ևս շուրջ 2840 շահառուի ուսման վարձ:

— «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հետ համագործակցությամբ նախաձեռնվել և ընթացքի մեջ է բուհերում անվճար տեղերի բաշխման ուսումնասիրությունը, որի հիման վրա կվերանայվի ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցմամբ տեղերի քանակը՝ ըստ պետության կարիքի, ռազմավարական թիրախների, աշխատաշուկայի ներկայիս և ապագայի պահանջների: Ուսումնասիրության արդյունքները պետական քաղաքականության հիմքում կներդրվեն 2022-2023 ուստարվանից:

— Անցկացվել է «Լավագույն ուսանող» մրցույթը, որի շրջանակում 2020 թ․-ի արդյունքներով հաղթող ճանաչված 38 ուսանող պարգևատրվել է հավաստագրերով, ԿԳՄՍ դրամաշնորհներով հրատարակված գրքերով և մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:

Comment here