ԳլխավորԼուր

ԿԳՄՍ նախարարը կոչ է անում ծնողական խորհուրդներին եւ ուսումնական հաստատություններին

Կարծում եմ առաջիկա 4 օրը վտանգավոր են լինելու, որովհետեւ հանգստյան օրեր են, ու մեր տեղեկություններով՝ մասնավորապես ուսումնական տարվա ավարտի հետ կապված որոշ խմբեր միջոցառումներ են նախատեսում։

Կառավարության նիստում այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մենք թեպետ ուսումնական հաստատություններին այս առումով զգուշացրել ենք, որ նման միջոցառումներ չիրականացնեն, բայց այդպիսի տեղեկություններ ունենք եւ հիմա նույնպես աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ, բայց օգտվելով այս հնարավորությունից՝ ուզում եմ կոչ անել, հորդորել, նաեւ պահանջել ուսումնական հաստատություններից եւ ծնողական խորհուրդներից, որ  զերծ մնան նման միջոցառումների կազմակերպումից առաջիկայում։ Մենք ասել ենք որ Վերջին զանգի հետ կապված, այո, դա մեր շրջանավարտների կյանքում շատ կարեւոր միջոցառում է, եւ մենք խոստացել ենք, որ համավարակի հաղթահարման եւ հնարավորություններ ունենալու դեպքում մենք մեկ օր կնշանակենք եւ ամբողջ պետությունում միասին կնշենք այդ օրը, բայց հիմա պետք է զերծ մնալ եւ խստագույնս պահպանել պարետատան որոշումները եւ առողջապահության նախարարության ցուցումները։ Առաջիկա 4 օրերն այդ առումով կարեւոր են լինելու»,-նշեց նախարարը։

Նա նաեւ շեշտեց, որ ուխտագնացության վայրերում, մասնավորապես Սպիտակի Սուրբ Հովհաննես մատուռի մոտ մեծ կուտակումներ են լինում, եւ խնդրեց, որ ոստիկանությունը նաեւ այդտեղ հսկողություն իրականացնի՝ կուտակումներ թույլ չտալու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին նշեց, որ պետք է դպրոցների տնօրենների եւ համայնքների ղեկավարների վրա դնել պատասխանատվությունը, եւ եթե տեղեկություններ ստացվեն կարգը խախտելու վերաբերյալ, դա պետք է հետեւանք ունենա դպրոցների տնօրենների եւ համանքների ղեկավարների հետագա գործունեության գնահատականի վրա

Comment here