ԳլխավորԼուր

ՀՀ-ում 12 տարի դպրոց հաճախող երեխան 8,3 տարվա կրթական արդյունք ունի. նախարար

Ժաննա Անդրեասյան

Նախարարությունը միջազգային գործընկերներից ստացել է Հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման անկախ գնահատում, որն առաջիկայում կհրապարակվի։ Այս մասին հայտարարել է ԿԳՄս նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի որակական արդյունքներ են ապահովել կրթության բարեփոխումները:

«Շուտով ունենալու ենք նաև հանրային միջոցառում, որտեղ այդ գնահատումն իրականացրած մեր գործընկերը՝ Համաշխարհային բանկը, ներկայացնելու է հետազոտության արդյունքները: Դրանք փաստում են, որ Տավուշի մարզում, որտեղ ամբողջությամբ փորձարկվել է չափորոշիչը, ունենք որակական արդյունք: Կրթության որակի կարևոր ցուցանիշը հետևյալն է՝ քանի տարի է սովորում երեխան, և այդքան տարի սովորելուց հետո իր ունեցած կրթական արդյունքը քանի տարվա արդյունքի հետ է համադրելի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի խոսքով՝ 2015 թվականին արված նմանօրինակ հետազոտությունները ցույց են տվել, որ մեր երկրում 12 տարի դպրոց հաճախող երեխան 8,3 տարվա կրթական արդյունք ունի, որը կրթական համակարգի ամենակարևոր և լուրջ խնդիրն է:

«Այդ ժամանակը մենք վերցնում ենք մեր երեխաների կյանքից և վատնում անիմաստ: Հենց սա է մեզ ստիպել գնալ այս փոփոխություններին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումը կրթական իրական արդյունքի և դպրոցում անցկացված տարիների տարբերությունն էականորեն կրճատում է: