ԳլխավորԼուր

Դպրոցականների համար հիշարժան կլինի վերջին դասին այցելել գրքի փառատոն. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 25-27-ը Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը։ Մեկնարկը կտրվի մայիսի 25-ին՝ ժամը 12:00-ին:

Մայիսի 24-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնին: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, Գրքի երևանյան միջազգային փառատոնի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանը, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը:

Գրքի երևանյան փառատոնը դարձել է միջազգային հարթակ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է բոլորին Գրքի երևանյան 6-րդ փառատոնի անցկացման առթիվ՝ ընդգծելով 2017 թվականից անցկացվող փառատոնի միջազգայնացման կարևորությունը:

«Այս տարի փառատոնին ակնկալում ենք հյուրեր 6 երկրներից և շատ ենք կարևորում, որ Գրքի երևանյան փառատոնն այսպիսով դառնում է նաև միջազգային հարթակ, որը հետագայում կարող է ավելի մեծ կշիռ հաղորդել այստեղ իրականացվող միջոցառումներին՝ բարձրացնելով այս հարթակի գրավչությունը: Շատ կարևոր է, որ փառատոնի ընթացքում ունենալու ենք շուրջ 40 հրատարակիչների մասնակցություն, ընդ որում՝ խոսքը վերաբերում է ինչպես արդեն կայացած, այնպես էլ սկսնակ հրատարակչություններին: Այսպիսով, փառատոնը խրախուսում է նաև հրատարակչության ոլորտում նոր մասնակիցների ներգրավումը: Հատկանշական է, որ նախորդ տարի փառատոնի շրջանակում վաճառվել է շուրջ 10 հազար գիրք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Գրականությունը կրթական ծրագրի անբաժանելի մասն է

ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ փառատոնը տարեցտարի դառնում է նաև ընթերցող մարդկանց և գրքի հանդիպման կարևոր վայր: Ժաննա Անդրեասյանը ընդգծել է նաև փառատոնի շրջանակում իրականացվող շնորհանդեսների կարևորությունը. «Փառատոնը դառնում է գրականության մասին խոսելու, նոր գրքեր ներկայացնելու և այդ գրքերի միջոցով մեր հեղինակներին ճանաչելի դարձնելու կարևոր հարթակ: Կարևորում եմ, որ այս համագործակցությունն առավել ակտիվ լինի նաև կրթական հաստատությունների հետ, որովհետև գրականությունը կրթական ծրագրի անբաժանելի, կարևորագույն մասերից է. Գրքի երևանյան փառատոնը դպրոցականների, ուսանողների համար կարող է լինել ամենահաճախելի վայրերից մեկը: Հատկանշական է, որ այս տարի վերջին դասը համընկել է Գրքի երևանյան փառատոնի անցկացման հետ: Հետաքրքրական կլինի, եթե շրջանավարտները և մյուս դպրոցականները Վերջին դասին այցելել գրքի փառատոն: Կարծում եմ՝ այս այցելությունը շատ հիշարժան կլինի նրանց համար»:

Գրքի փառատոնը մարզեր տանելու մասին

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախարարության համագործակցության շրջանակը փառատոնի անցկացման առնչությամբ տարեցտարի ընդլայնվում է: Այս տարի փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

«Փառատոնն այս տարի անցկացվում է մեր համատեղ աջակցությամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին: Կարծում եմ՝ մենք պետք է մտածենք նաև փառատոնը մարզեր տանելու և մարզերում ևս այնպիսի հարթակներ ձևավորելու ուղղությամբ, որտեղ գրքի ու գրականության մասին խոսակցությունը կդառնա ինտելեկտուալ ժամանցի այն կարևոր բաղադրիչը, որը երիտասարդության ու տարիքային մյուս խմբերի կյանքի որակի կարևոր ցուցիչ պետք է լինի»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի նշել է, որ մարզերում հաջորդ տարի նմանօրինակ փորձնական հարթակների և միջոցառումների իրականացումը միանգամայն իրատեսական է՝ այս համատեքստում կարևորելով մարզպետարանների հետ համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև թատրոնների ու թանգարանների մասնակցայնությունը Գրքի երևանյան փառատոնին, ինչի շնորհիվ փառատոնը մշակույթի տարբեր ոլորտների և ճյուղերի միջև երկխոսություն ձևավորելու հնարավորություն է ընձեռում: Նախարարը նաև կոչ է արել փառատոնի շրջանակում Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն այցելությունը դարձնել օրվա պարտադիր բաղադրիչ:

Գիրքը և ընթերցանությունը քաղաքային մշակույթի անբաժանելի մասն են

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նույնպես շնորհավորել է բոլորին գրական այս իրադարձության առթիվ: Նրա նշմամբ՝ Երևանի քաղաքապետարանն այս տարի որպես գլխավոր հովանավոր միացել է Գրքի երևանյան 6-րդ փառատոնի աշխատանքներին՝ հավատարիմ մնալով մշակութային կյանքին նոր ակտիվություն հաղորդելու իր հանձնառությանը:

«Գիրքը և ընթերցանությունը քաղաքային մշակույթի անբաժանելի մասն են և անհատին փոխակերպելու լավագույն միջոցը: Անգամ տեխնոլոգիաների դարում, վստահ եմ, մեր քաղաքում գրքի դերն ավելի ու ավելի է կարևորվում: Տարեսկզբին արդեն իսկ միջոցառումներ ենք անցկացրել՝ նվիրված գիրք նվիրելու օրվան, տարվա ընթացքում նաև շարունակում ենք համալրել գրադարանային ֆոնդերը նոր գրականությամբ, թվայնացնում ենք գրադարանային ֆոնդը: Առհասարակ, կարծում ենք՝ մեր քաղաքի նկատմամբ վերաբերմունքը սկսվում է հենց այն անհատից, որը պետք է վերափոխվի, իսկ այդ վերափոխումը տեղի է ունենում ընթերցանության միջոցով: Շատ ուրախ ենք այս համագործակցության համար: Այս երկու-երեք օրերը, վստահ եմ, գրքասերների համար տոն են լինելու»,- նշել է Տիգրան Ավինյանը:

25 միջոցառում. մուտքն ազատ է

Փառատոնի ծրագրերի ղեկավար Անի Ղազարյանի տեղեկացմամբ՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնի ծրագիրը բավականին հագեցած է. երեք օր շարունակ՝ ժամը 12:00-21:00-ն, կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ, գրական-երաժշտական միջոցառումներ, համերգային հատված, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ, այդ թվում՝ Արամ Պաչյան, Մարիամ Պետրոսյան, Արմեն Զախարյան, Տատյանա Տոլստայա, Կլաուդիո Պոցցանի, հյուրեր՝ Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Գրքի երևանյան փառատոնը միացել է «Վերսոպոլիս» հարթակին

«Գրքի երևանյան փառատոնը, միջազգային կարգավիճակ ստանալով, մեծ պատուհան է բացում ժամանակակից հայ պոեզիայի համար, որովհետև մենք միացել ենք «Վերսոպոլիս» կազմակերպությանը, և արդեն հաջորդ տարվանից մեր պոետները հնարավորություն կունենան անդամակցելու այդ կազմակերպությանը և հրավերներ ստանալու»,- հայտնել է Անի Ղազարյանը:

Թանգարանների հրատարակչական արտադրանքը ներկայացված է

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության գլխավոր գրական իրադարձության կազմակերպման պատասխանատու գործը՝ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի անունը կրող կառույցին վստահելու համար:

«Ինչպես Խաչատուր Աբովյանի տուն թանգարանը, այնպես էլ շատ թանգարաններ, հատկապես գրողների անունները կորող հուշային, գրական թանգարաններ միացել են Գրքի երևանյան փառատոնին, ինչը ողջունելի փաստ է: Այս թանգարաններն ունեն շատ հրատարակություններ, իրենց գրադարանային հատվածը, որը ընթերցող լայն լսարանին այնքան էլ հայտնի չէ: Փառատոնային այս հարթակը հնարավորություն է ընձեռում լսարանին ևս մեկ անգամ ներկայացնելու թանգարանների գրական գործունեությունը: Ուրախալի փաստ է, որ գրքի մեծարման առիթն այլևս միայն Գիրք նվիրելու օրը չէ: Սա հրաշալի հնարավորություն է ընթերցող-գրող-հրատարակիչ-թանգարան շղթայական կապն ապահովելու առումով»,- նշել է Սյուզան Խոջամիրյանն ու ուրախությամբ հավել՝ քաղաքն իսկապես կարդում է:

Տոնավաճառ և գրական մրցանակաբաշխություն

Նշենք, որ Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ պետական ծրագիրն է, որն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի բաղադրիչներն են պարտադիր զեղչով գրքի ցուցահանդես-տոնավաճառը, չորս անվանակարգում գրական մրցույթը, շնորհանդեսները, պանելային զրույցները, վարպետութան դասերը, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումները, համերգները և այլն:

Գրքի երևանյան փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում կլինի նաև գրական մրցանակաբաշխություն «Արձակ», «Պոեզիա», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում, տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում:

Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Վերսոպոլիս» կազմակերպության աջակցությամբ իրականացնում են «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը և «Գրքի փառատոն կրթամշակութային» ՀԿ-ն՝ «Գ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի գործընկերությամբ։ Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Ներկայացնում ենք Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի միջոցառումների ծրագիրը: