ԳլխավորԼուր

«Արվեստների կլաստերն» առաջինը կկառուցվի. ի՞նչ փուլում է «Ակադեմիական քաղաք» նախագիծը

«Ակադեմիական քաղաքի» կառուցման առաջին փուլում նախապատվությունը տրվել է «Արվեստների կլաստերի» կառուցման աշխատանքներին. այս մասին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Նա, անդրադառնալով այն հարցին, թե ինչ փուլում է «Ակադեմիական քաղաքի» կառուցումը, տեղեկացրեց նաև, որ Կադաստրի պետական կոմիտեն ամփոփել է «Ակադեմիական քաղաքի» համար հատկացված գույքերի գույքագրման գործընթացը:

Նախարարը, սակայն, դեռևս չնշեց, թե որքան գումար է պահանջվում գործընթացի առաջին փուլն իրականացնելու համար` խոստանալով ավելի ուշ ներկայացնել տվյալներ.

«Ինչ վերաբերում է նախագծի արժեքին, հստակ կարող է լինել առաջին փուլի արժեքը, իսկ մյուս փուլերի արժեքը կախված կլինի առաջին փուլի արդյունքներից: Մենք ֆունդամենտալ մոտեցում ենք որդեգրել և կարևորում ենք, որ նախագծում ներգրավված է լինելու նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, այնպես որ տեղում մասնագիտական ռեսուրս կձևավորվի»,-ասաց նա:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` զուգահեռաբար ձևավորվել է «Ակադեմիական քաղաք-հիմնադրամը», որը ծրագիրն իրականացնող կառույցն է: Հիմնադրամն արդեն իսկ գրանցվել է, առաջիկա օրերին կձևավորվի նաև Հոգաբարձուների խորհուրդը, որը կառավարելու է հիմնադրամը.

«Գիտեմ, որ հանրային հետաքրքրություն կա այս նախագծի նկատմամբ: Ինչպես գիտեք, ապրիլի վերջին մենք գերմանացի ճարտարապետների կողմից ունեցանք այցելություն Հայաստան, և այստեղ ճարտարապետներն ունեցան հնարավորություն այցելելու այն տարածքներ, որտեղ պլանավորում ենք իրականացնել «Ակադեմիական քաղաքի» կառուցումը: Այս նախնական ուսումնասիրությունների հիման վրա արդեն ստացել ենք առաջարկ, թե ինչ ժամկետներում կարող են մշակել, այսպես կոչված, գլխավոր հատակագիծը կամ պլանը, և, ինչպես գիտեք, մենք գնում ենք փուլային ճանապարհով»,-շեշտեց նախարարը: