ԳլխավորԼուր

Ստեղծվեց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայր: Ակադեմիական քաղաքը պետք է ապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները։

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ակադեմիական քաղաքի միջոցով նաև հասցեագրվելու է ՀՀ կրթության ռազմավարությամբ սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովումը, որոնցից են՝ առնվազն 4 բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ ունենալը, օտարերկրյա ուսանողների թվի առնվազն կրկնապատկումը՝ բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը:

«Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք կլաստերից, որոնցում համապատասխանաբար տեղակայված կլինեն արվեստների, տեխնոլոգիական ուղղությունների համալսարանները, իսկ երրորդը, որը բավական մեծ է, կարող է ընդգրկել ինչպես կրթական, սպայական ուղղվածությամբ բուհերը, այնպես էլ հյուրընկալել միջպետական և մասնավոր բուհերին»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ համապատասխան քաղաքաշինական լուծումների պարագայում կարող է քննարկվել նաև ազգային մարզադաշտի տեղակայման հարցը:

Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ նման մեծածավալ ծրագիրը պահանջում է կառույցի առկայություն, որը ներգրավված կլինի ծրագրի իրականացման ամբողջ շրջափուլում՝ նախապատրաստումից, նախագծումից մինչև կառուցում, այնուհետև նաև ակադեմիական քաղաքի կառավարում, քանի որ ստեղծված ենթակառուցվածքները նախատեսելու են վարչարարության և կառավարման մի ամբողջ համակարգ: Հետևաբար, նոր հիմնադրամը կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու է քաղաքի ստեղծման աշխատանքները:

Նախարարը տեղեկացրել է, որ նախնական փուլում հիմնադրամին են ամրացվելու ակադեմիական քաղաքի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքները, ապա մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն է ներկայացվելու այն գույքի ցանկը, որը պետք է հատկացվի ակադեմիական քաղաքի համար: Այնուհետև կլինեն Կառավարության առանձին որոշումներ՝ հիմնադրամին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ:

«Այսպիսով՝ ակադեմիական քաղաքի նախագիծը տեղափոխվում է գործնական փուլ, որին հաջորդելու է հայեցակարգային փուլը: Դրա ընթացքում կվերջնականացվեն ակադեմիական քաղաքում տեղակայվող գիտահետազոտական ինստիտուտների ու բուհերի կառուցվածքը և կառավարման ձևերը: Արդեն կա հայեցակարգի նախագիծ, որը վերջնականացման փուլում է. առաջիկայում դրա շուրջ նախատեսվում է սկսել մեծ քննարկում»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախնական հաշվարկներով՝ ակադեմիական քաղաքի տարածքը նախատեսված է շուրջ 44 հազար ուսանողների, դասախոսների և գիտնականների համար:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ որոշման նախագիծն իր բնույթով նորմատիվ իրավական ակտ չէ և պարտադիր չէր ներկայացնել հանրային քննարկման, սակայն այն տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, ինչպես նաև կազմակերպվել է հանրային լսում՝ նպատակ ունենալով ապահովել առավել մեծ թափանցիկություն և մասնակցայնություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նախագծի իրականացումը, նշել է, որ ակադեմիական քաղաքը տեղակայվելու է Երևանի, Կոտայքի, Արագածոտնի և Արմավիրի մարզերի հատման միջակայքում: