ԳլխավորԼուր

«Գոյ» թատրո´ն, ներկայացումներդ խաղա´ Սունդուկյանի բեմերում` պահպանելով դիմագիծդ. Ժաննա Անդրեասյան

«Գոյ» թատրոն

«Գոյ թատրոնը» պետք է օգտվի Սունդուկյան թատրոնի տված հնարավորություններից, պահպանի իր դիմագիծը, ունենա իր խաղացանկը և չպետք է մտածի վարչատնտեսական ու կառավարման բլոկի խնդիրների մասին:

Նման հայտարարությամբ այսօր հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում`ներկայացնելով ԿԳՄՍՆ-ի 2022 թ. կատարողականը:

Նշենք, որ դեռևս մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է լուծարել «Գոյ» թատրոնը. վարչական մասը կրճատվում է, իսկ ստեղծագործական կազմը միավորվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ:

«Նախորդ տարի մենք բավական մեծ գումար ենք հատկացրել «Սունդուկյան» թատրոնին, որպեսզի արվեն անհրաժեշտ նորոգումները, և նույն շենքում ունենք «Գոյ» թատրոնը, որի կոմունալ ծախսերը վճարվում են Սունդուկյանի բյուջեից: Եթե մենք անում ենք այս աշխատանքները, ստեղծում ենք այս հնարավորությունները, սիրելի´ «Գոյ» թատրոն, արի, օգտվի´ր այդ ընդհանուր հարթակի տված հնարավորություններից, քո ներկայացումները խաղա Սունդուկյանի տարբեր բեմերում. Սունդուկյանի հնարավորությունները շատ են, դա մեկ բեմ չէ»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` պետությունը մեծացնում է կապիտալ ներդրումները մշակութային հաստատություններում` ձևավորելով արդիական, ժամանակակից սարքավորումներով հագեցած միջավայր. «Այդ հարթակները չպետք է լինեն կցված կոնկրետ ՊՈԱԿ-ների, ընդհանրապես, ՊՈԱԿ-ների տրամաբանությունից պետք է դուրս գալ: Մենք խոսում ենք արվեստի, ստեղծագործական գործունեության մասին։ Պետությունը ձևավորում է հարթակներ, որոնք պետք է լինեն հնարավորինս բաց, և այդտեղ պետք է ունենալ հնարավորություն ներկայացումներ բեմադրելու, համերգներ ունենալու»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ ունեցել է հանդիպում «Գոյ» թատրոնի ներկայացուցիչների հետ, և բավական բաց խոսակցություն է ընթացել.

«Իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները, ուզում էին, որ անունը պահպանվի, որ իրենց խաղացանկը ֆինանսավորվի. սրանց հետ կապված որևէ խնդիր չունենք, և նաև նոր ծրագրեր ունեն, որոնք պատրաստ ենք դիտարկել այս միավորման պարագայում: Բայց կարևոր է, որ մենք չկառչենք կազմակերպաիրավական ձևերից, որոնք ոչ մի կապ չունեն մշակութային գոծունեության հետ: Իրենք պետք է կենտրոնանան իրենց ստեղծագործական գործունեության վրա: Կարծում եմ` կգտնենք լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին»,- նշեց ԿԳՄՍ նախարարը: