ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում տրվել է «EcoServ» ծրագրի պաշտոնական մեկնարկը

«EcoServ» նախագծի պաշտոնական բացումը ԵՊՀ-ում

ԵՊՀ-ում տեղի է ունեցել «EcoServ» նախագծի պաշտոնական բացումը, որն իրականացնում են Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանը, հայտնում են ԵՊՀ լրատվական ծառայությունից:

2023-2027 թվականների համար նախատեսված «Մասնակցային մոտեցմամբ էկոհամակարգային ծառայությունների գնահատում` Հայաստանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով» («EcoServ») նախագծի նպատակն է մշակել էկոհամակարգային ծառայությունների գնահատման շրջանակ հայաստանյան մակերևութային ջրային մարմինների համար, ինչպես նաև ոլորտում կատարել կրթական բարեփոխումներ:

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, ողջունելով «EcoServ»-ի իրագործումը, ընդգծեց. «Ծրագրի գլխավոր առանձնահատկությունը միջգիտակարգային լինելն է. դրանում ներգրավված են մասնակիցներ տնտեսագիտության և կառավարման, կենսաբանության, աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետներից: Բացի դրանից՝ նախագիծը գիտությունը մոտեցնում է կրթությանը, իսկ կրթական գործընթացի գիտահենք լինելը ԵՊՀ-ի առաջնահերթություններից է»:

«EcoServ» նախագծի ղեկավար, Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Վերենա Ռադինգեր-Փիիրը հայտնեց, որ ուրախ է իրենց փորձը հայաստանյան գործընկերներին՝ ԵՊՀ-ին և ՀՀ ԳԱԱ-ին փոխանցելու համար:

Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ նա ընդգծեց, որ նախատեսվում է ԵՊՀ-ում ներդնել «Էկոհամակարգային ծառայությունների կառավարում» կրթական նոր դասընթաց «Կառավարում» մասնագիտության ուսանողների համար, ինչպես նաև մշակել դասընթացների կազմակերպման նոր ձեռնարկներ ու վերապատրաստել պրոֆեսորադասախոսական կազմին՝ կրթության կազմակերպման նոր մեթոդներ ներդնելու և ոլորտի նկատմամբ ուշադրությունը մեծացնելու նպատակով:

«EcoServ» նախագծի ղեկավար, Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Վերենա Ռադինգեր-Փիիրը
Վերենա Ռադինգեր-Փիիրը

Նախագիծը ենթադրում է ոչ միայն ակադեմիական-կրթական հաստատությունների՝ գիտակրթական հետազոտություններ կատարելն ու մոդուլներ մշակելը, այլև հիմնվում է մասնակցային մոտեցումների վրա: Այսինքն՝ ծրագրի իրականացման փուլերում ներառվելու են շահառուները՝ սկսած տեղական համայնքների բնակչությունից մինչև ՏԻՄ և պետական  կառավարման համակարգի շահակից այլ կառույցներ:

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ, ծրագրի ԵՊՀ թիմի համակարգող Կառլեն Խաչատրյանը, կարևորելով ծրագրի մասնակցայնության գաղափարը, ասաց. «Թե՛ գիտական հետազոտությունների, թե՛ կրթական զարգացումների նպատակը մեկն է՝ մարդկանց կյանքի որակի բարձրացումը, իսկ էկոհամակարգային ծառայությունների կառավարումը ժամանակակից աշխարհում անփոխարինելի դեր ունի, և առանց դրանց նկատմամբ պատշաճ ուշադրության՝ անհնարին կլինի համայնքների կենսամակարդակի բարձրացումը»:

Նախագծի շրջանակում ԵՊՀ-ն պատասխանատու է կրթական ծրագրերում ոլորտին առնչվող բաղադրիչներ հավելելու, դասախոսական կազմին վերապատրաստելու, ուսումնական ձեռնարկներ պատրաստելու և ուսանողների որոշակի հմտություններն ու կարողությունները զարգացնելու առումով: ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը պատասխանատու է էկոհամակարգի մշտադիտարկման, հետազոտական ծրագրերի գիտական բաղադրիչի առումով, իսկ Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանը համակարգում է աշխատանքը՝ նախանշված նպատակներն իրագործելու համար:

Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորատի, ՀՀ շրջակա միջավայրի, բնապահպանության և ԿԳՄՍ նախարարությունների, Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների համալսարանի, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի այլ համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ: