ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը մարտի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ, քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները և ընդլայնման հեռանկարը, տեղեկացնում են ԵՊՀ-ից:
Հ. Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում սովորում են ճապոնացի ուսանողներ, դասավանդվում է ճապոներեն, որի նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը բավականին մեծ է:
Դեսպան Ֆուկուշիման ասել է, որ ԵՊՀ-ն իրավամբ Հայաստանի ամենաազդեցիկ բուհն է ու նշել, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, ինչի վկայությունն են կառավարության կողմից իրագործված աջակցության բազմաթիվ ծրագրերը:
Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ներկայացրել է ԵՊՀ-ի և Ճապոնիայի համալսարանների միջև առկա համագործակցությունը՝ նշելով, որ այս պահին գործում է 3 համաձայնագիր:
Այնուհետև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, հանդիպել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիայի նախարարության («MEXT») ծրագիրը, որը կրթաթոշակներ է սահմանում ճապոնական համալսարաններում սովորել ցանկացողների համար:
Ծրագրի մանրամասներն այստեղ՝ https://bit.ly/3C8RNB6