ԳլխավորԼուր

Նախարարն ընդունել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին

Նախարարն ընդունել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հիշեցնենք՝ Հայաստանի պատվիրակությունը 31-րդ ամառային ուսանողական խաղերից վերադարձել է 2 բրոնզե մեդալով: Լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել ուշուիստ Ժիրայր Պետրոսյանն ու վազորդ Երվանդ Մկրտչյանը: Վերջինս, ի դեպ, անկախ Հայաստանի ատլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի վազքային մրցաձևերում:

Ողջունելով մարզիկներին և շնորհավորելով նրանց գրանցած արդյունքների համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ ամենատարբեր միջազգային հարթակներում մեր մարզիկների հաղթանակներն աստիճանաբար ավելանում են:

Նախարարն ընդունել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին
Նախարարն ընդունել է Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է համալսարանական սպորտի համաշխարհային ավանդույթներին և Հայաստանի՝ դրա մասը կազմելուն. նա նաև տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանը կընդունի շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը:

«Առաջնությանը, նախնական տվյալներով, շուրջ 30 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Բացի այդ, Եվրոպական ասոցիացիան առաջարկել է հաջորդ տարի մեր երկրում անցկացնել իր նախագահության նիստերից մեկը: Առհասարակ, կարծում եմ՝ մեր երկիրն ունի ներուժ՝ ավելի մեծ կազմով ու ներկայացուցչական ձևաչափով մասնակցելու Համալսարանական խաղերին, ինչպես նաև հյուրընկալելու համալսարական սպորտի հետ կապված տարբեր միջոցառումներ»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանը:

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ մարզաձևում գրանցած վերջին հաջողությունները պատմական են, իսկ պետության աջակցությունն օլիմպիական ընտանիքում ընդգրկված, բայց Օլիմպիական խաղերի ծրագրում դեռևս չներառված մարզաձևին շատ կարևոր է։