ԳլխավորԼուր

Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանում Ակադեմիական քաղաքի հիմնումից հետո երկրում կգործի 8 բուհ․ կառավարությունը տրամադրված է, որ այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական լինի։ Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք բաց առաջարկով, խնդրանքով, հորդորով կդիմենք մեր բուհական, ակադեմիական շրջանակներին՝ արձանագրելով հետևյալը՝ մենք որոշել ենք, որ Հայաստանում պետք է լինի 8 բուհ։ Մենք տրամադրված ենք, որ այդ բուհերի ֆինանսավորումն ամբողջությամբ պետական լինի, բայց, եթե կպարզվի, որ այլ աղբյուրներ էլ կան, որ հավելյալ կֆինանսավորեն, շատ ավելի լավ։ Բայց մեր նպատակն այն է, որ այդ 8 բուհերը իրենց լիարժեք գործունեությունն ապահովելու համար որևէ կողմնակի տեղ նայելու անհրաժեշտություն չունենան։ Մենք որոշ ժամանակ քննարկումներ կիրականացնենք բուհերի հետ»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ամենամեծ նախագիծն է լինելու։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ակադեմիական քաղաքում գործելու է պետական ամբողջական ֆինանսավորմամբ 8 բուհ, որոնք տեղակայված կլինեն երեք կլաստերում: Հայֆիլմի տարածքում կգործեն ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող արվեստների ավագ դպրոցը և արվեստների համալսարանը, որտեղ կմեկտեղվեն արվեստի բոլոր ուղղությունները: Այդտեղ կլինի նաև ունիվերսալ համերգասրահ, որտեղ ուսանողները կանցնեն իրենց պրակտիկան: Երկրորդ կլաստերում կտեղակայվի սպայական ավագ դպրոցը և համալսարանը, որտեղ սպայական բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները մի տեղում կստանան իրենց նախնական կրթությունը: Երրորդը կլինի տեխնոլոգիական կլաստերը:

Մանրամասները՝ տեսանյութում։