ԳլխավորԼուր

Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են, ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացված՝ ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բուհական ոլորտում մեր պրոբլեմները խորն են: ՀՀ-ում գոյություն ունի 60 բուհ, կարծում եմ՝ այս արտահայտությունն արդեն մեզ համար, եթե ոչ կարմիր, գոնե դեղին նշան պետք է լինի: Եվ ուզում եմ, որ մենք այս ստատուս քվոն լավ հասկանանք, որովհետև ոչ մի առանձին բան նկատի չունենալով, այլ նկատի ունենալով ընդհանուր պատկերը. 60 բուհ նշանակում է՝ 60 ռեկտոր, 120 պրոռեկտոր, մի քանի 100 դեկան, 1000-ի մոտ դեկանի տեղակալ և այլն: Եվ ոչ մի զարմանալի բան չկա, որ երբ խոսում ենք բուհական համակարգի բարեփոխումների մասին` զգում ենք, որ որոշակի լարվածություններ են առաջանում, որովհետև խոսում ենք հարյուրավոր և հազարավոր մարդկանց կամ, եթե շատ ուղիղ ասենք, իրենց տեսակետով, մենք դրա մասին չենք խոսում, բայց իրենք ընկալում են այդպես, այդ կարգավիճակներից զրկելու մասին: Բայց սա մեր երկրի տնտեսական պոտենցիալի զարգացման և ընդհանրապես մեր երկրի պոտենցիալի իրացման ու զարգացման մասին է, որովհետև մենք բուհական ոլորտում մեր թերությունները զգում ենք ամեն տեղ, բացարձակապես ամեն տեղ:

Ուզում եմ նաև ընդգծել մի շատ կարևոր արձանագրում: Եթե, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում բուհերը հավաստագրենք միջազգային ստանդարտներով, այն ստանդարտները, որոնք գոյություն ունեն օրինակ՝ Եվրամիությունում, Հայաստանի Հանրապետությունում ոչ մի բուհ հավաստագրում չի ստանա: Ընդ որում՝ խոսքը վերաբերում է և՛ պետական բուհերին, և՛ մասնավոր բուհերին: Մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Եվ սա ֆունդամենտալ արձանագրում է:

Այս առումով Ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է: Եվ, իհարկե, մենք պետք է ընդլայնենք երկխոսությունը բուհական համակարգի, գիտական համակարգի, դիմորդների, հանրության հետ, որովհետև սա մեր երկրի ապագայի տեսլականի շատ կարևոր մաս է»,-մասնավորապես հայտարարել է Ն. Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։