ԳլխավորԼուրԿրթաթոշակ

«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ է շնորհել հայ երիտասարդներին՝ արտերկրի բուհերում ուսանելու համար

Կրթաթոշակներ՝ «Իմ քայլը» հիմնադրամից

«Իմ քայլը» հիմնադրամն արտասահմանյան լավագույն համալսարաններում ուսանելու համար կրթաթոշակներ է շնորհել հայ երիտասարդներին: Այս մասին տեղեկացնում են  հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Իմ քայլը» հիմնադրամի Կրթաթոշակային ծրագրի 2020 թ. կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Օշականի մշակույթի պալատում։

Կրթաթոշակային ծրագիրը, որի հիմքում կրթության միջոցով մարդկային կապիտալի զարգացումն է, «Իմ քայլը» հիմնադրամի հիմնական ուղղություններից մեկն է։ Ներկայումս 45 երիտասարդ հնարավորություն ունի ուսանելու իր մասնագիտությամբ աշխարհի լավագույն բուհերում՝ Հայաստան վերադառնալու և սովորածը հանուն Հայրենիքի զարգացման ներդնելու պարտադիր պահանջով: Կրթաթոշակները տրամադրվել են դիմորդների հայտադիմումի, դրան կցած փաստաթղթերի և ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույցի արդյունքների ամփոփումից հետո: Հիմնադրամը ֆինանսավորում է Հայաստանի զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններով (գյուղատնտեսություն, անասնաբուժություն, առողջապահության կառավարում, բժշկություն, տվյալագիտություն, վիճակագրություն, քաղաքաշինություն և այլն) ուսուցումը:

Կրթաթոշակառուներին հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հիմնադրամի բարերարներ, հոգաբարձուների խորհրդի անդամներ և տարբեր տարիների կրթաթոշակառուներ:

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ ընթերցել է նախարար Արայիկ Հարությունյանի` ուսանողներին ուղղված ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես ասված է. «Խրախուսելով Հայաստանում կայուն մասնագիտական աճը, երկրի ոլորտային զարգացումն ու առաջխաղացումը՝ 2018 թ.-ից «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակ է շնորհում աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններ ընդունված այն երիտասարդներին, որոնք ցանկանում են ձեռք բերել Հայաստանի կայուն զարգացման առաջնահերթություններից բխող մասնագիտություններ և իրենց գիտելիքն ու հմտությունները ծառայեցնել մեր հայրենիքի առաջընթացին։

Եվ այսօր Հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շրջանակում հպարտությամբ և պատասխանատվությամբ այս խորհրդանշական վայրում 2020 թ. շահառուներին հանձնում ենք իրենց հավաստագրերը»։

Ներկաների հետ իրենց հաջողության պատմությամբ կիսվել են Հիմնադրամի 2019 թ. կրթաթոշակային ծրագրի շրջանավարտ, տնտեսագետ Առնո Մուրադյանը և 2020 թ. կրթաթոշակառու, բժիշկ-համաճարակաբան Քրիստինա Հակոբյանը:

Միջոցառման ավարտին ուսանողներին հանձնվել են կրթաթոշակների հավաստագրերը։

Comment here